Search
Close this search box.

«Պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ Հայկ Մարությանը դադարել է լինել այդ ՍՊԸ-ի տնօրենը». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք` փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկություններն ստուգելու համար։

Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։
Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» մեր գործընկեները՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։

Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»։