Search
Close this search box.

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ քաղաքացիների հետ հանցավոր համաձայնության արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի:

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով` հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը և 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձին կաշառք տալը քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են Հայաստանի քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր:

Յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10 հազար դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին:

Կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:

Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՊԵԿ-ը, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Պարզվել է նաև, որ 2019 թվականի հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին Հայաստան ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք:

Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր: