Search
Close this search box.

Շենավանի համայնքապետը անգղերի որսի դեպքով ընդամենը բացատրություն է տվել. որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որս կատարելու կասկածանքով, գործով վարույթն իրականացրած մարմնի հրավերով, Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը բացատրություն է տվել՝ հայտնելով, որ նկարները կատարվել են 2007 թվականին, իսկ համացանցում տեղադրվել է 6-7 տարի առաջ:

Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Արթուր Մկրտչյանը՝ պնդելով, որ սպիտակագլուխ անգղերին ինքը չի որսացել, ավելին դեպքը բացահայտվել է և իրավապահներին հայտնի է, թե ով է որսի հեղինակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ 2007թ. Արմավիրի մարզում անգղերի ապօրինի որսը կատարել է 1972 թ. ծնված Յուրա Պողոսյանը: Միևնույն ժամանակ ոստիկանությունից նաև հայտնել են, որ կատարվում է հետաքննություն և պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Այս հրապարակումից հետո էլ պաշտոնապես հայտնի դարձավ, որ որսը կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը:

Անձի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով ընդամենը նշենք, որ Յ.Պողոսյանի կողմից հանցագործության կատարումը որպես հաստատված փաստ ներկայացրել էր Ոստիկանությունը:
Ըստ մեր տեղեկությունների՝ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել: