Search
Close this search box.

«Իմ քայլը» ուզում է, որ «հանցագործությունը» լինի խմբակային

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է աշխատանքից ազատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Այդ հարցում նրան պաշտպանում է, ինչպես ասում են, մշտապես գրպանային ընդդիմության դեր կատարող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և իր կողմից ղեկավարվող նույնանուն խմբակցությունը: Խորհրդարանական միակ կուսակցությունը, որը չի պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին ԲՀԿ-ն է: Տպավորություն է, որ իշխանությունը հրահանգ է տվել հարձակվել ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, որպեսզի նրան ներկայացնեն նախորդ իշխանությունների սպասարկու կամ հակահեղափոխական ուժ: Սրանց նպատակն այն է, որ այդ ճնշման միջոցով ստիպեն, որ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը ևս կողմ քվեարկի այս նախաձեռնությանը՝ դառնալով, այսպես ասած, կոլեկտիվ «հանցագործության» մասնակից: Սա շատ կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նա հասկանում է, որ եթե ԲՀԿ-ն կողմ չի քվեարկում, մնում է մաքուր, ապա հետագայում կարող է հանդես գալ մեղադրողի դիրքերից: Մինչդեռ իշխանությանը պետք է, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն իր կողմից իրագործվող այս հակաօրինական ակտին:

Սահմանադրական դատարանն անկախ մարմին է, և բոլորի համար, այդ թվում «Իմ քայլը» խմբակցության անդամների համար պարզ է, որ իրենք իրավունք չունեն ՍԴ նախագահին անվստահություն հայտնեն, կամ ազատեն աշխատանքից, որովհետև դատական իշխանությունը անկախ է օրենսդիրից: Դա նույնն է, որ ՍԴ անդամները քվեարկությամբ անվստահություն հայտնեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և իրենց որոշմամբ փորձեն պարտադրել, որ նա լքի խորհրդարանի նախագահի պաշտոնը: ՍԴ նախագահին ընտրում են ՍԴ անդամները և միայն նրանք են իրավասու անվստահություն հայտնել նրան:

Խորհրդարանի իմքայլական պատգամավորներին թվում է, որ իրենց ամեն ինչ կարելի է, և իրենք` ինչ օրենք կամ որոշում ուզեն, կարող են ընդունել և դրանք ենթակա են անհապաղ կատարման: Այդ դեպքում ինչո՞ւ որոշում չընդունել Ծովից-ծով Հայաստան ստեղծելու, և Մեծ Հայաստանի երազանքը իրականություն դարձնելու մասին: Նույն տրամաբանությամբ՝ կարելի է աշխատանքից ազատել Ադրբեջանի նախագահին, իսկ ովքեր ասեն, թե նման որոշում կայացնելը տխմարություն է՝ մեղադրել ադրբեջանական գործակալ լինելու մեջ, քանի որ պաշտպանում է այդ երկրի նախագահին:

Քանի դեռ ուշ չէ՝ պետք է իշխանությանը հասկացնել, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա և պետական ինստիտուտ կարող է կատարել այնպիսի գործողություններ, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ և օրենքներով: Դրանից ավելը իշխանազանցություն է: Համոզված ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում էլ քիչ չեն սթափ մտածող մարդիկ, և միգուցե Թովմասյան Հրայրին անվստահություն հայտնելու որոշման նախագծի քվեարկությունը ցույց կտա խորհրդարանում ուժերի իրական հարաբերակցությունը:

ArmLife.am