Search
Close this search box.

Փողի մեռած կոմերսանտները. «Սեմուր ընդ կո»-ն կթաղվի իր փորած փոսում

Դեռևս մեկ տարի առաջ Եղվարդի Նատի թաղամասում պետք է գործարկվեր բիտումի և քսայուղերի արտադրության գործարանը՝«Արմօյլը»: Գործարանը կառուցվել է իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ ներդրման արդյունքում: Գործարանում մշտական աշխատանքով պետք է ապահովվեր հարյուրավոր մարդկանց, իսկ Հայաստանի բյուջեն տարեկան կստանար միլիարդավոր դրամների հարկային մուտքեր:

Բայց գործարանը մինչև այսօր չի շահագործվում, որովհետև գործարանի հարևանությամբ գտնվող «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատերերը կազմակերպում են բողոքի ակցիաներ, դիմում են պետական տարբեր ատյանների, պահանջում են փորձաքննություններ կազմակերպել: Սրանց մտահոգությունը իբրև թե բնապահպանությունն է, իրենք մտահոգված են, որ գործարանի աշխատելու դեպքում վնաս կհասցվի շրջակա միջավայրին: Բայց բոլորի համար էլ պարզ է, որ սրանք տոհմիկ բնապահպաններ չեն, այլ ընդամենը փողի մեռած կոմերսանտներ ու ամեն ինչի մեջ փող են տեսնում, այդ թվում և գործարանի չաշխատելու և ուրիշներին վնաս հացնելու մեջ: Գործարանի տնօրեն Ալֆրեդ Աբեդին արդեն մի քանի տարի է տարբեր առիթներով բացատրում է, որ գործարանի արտադրությունը ոչ մի բնապահպանական ռիկս չի պարունակում, որ արտադրական թափոններ չեն լինելու, և գործարանը հագեցած է բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, ամենաժամանակակից հակահրդեհային համակարգերով: Ավելին՝ գործարանի արտադրած բիտումը բարձր որակի է, ինչի շնորհիվ Հայաստանի ճանապարհները կունենան բարձր որակ և երկար կյանք, իսկ քսայուղերը կօգտագործվեն բանակի կարիքների համար:

Համայնքի բնակիչներն արդեն հասկացել են այս իրողությունը, և պատրաստ են նույնիսկ փաստաթուղթ ստորագրել, որ իրենք դեմ չեն գործարանը շահագործելուն, իսկ մի մասը ցանկանում է աշխատել գործարանում: Բայց դա չի վերաբերվում կոմերսանտ Վիրաբյաններին, որոնք ոչ հասկանալու ցանկություն ունեն, ոչ կարողություն: Ընդգծենք, որ ժամանակին սրանցից մեկը մաքսային կոմիտեում բարձրաստիճան պաշտոնյա էր ու իր կատարած չարաշահումների համար ոչ միայն հեռացվեց համակարգից այլ քրեական պատասխանատվության ենթարկվեց: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում՝ նման բողոքի գործողությունները շատ հստակ ուղղորդված են և լիուլի վարձատրված:

Մեծ երևակայություն պետք չէ ունենալ, հասկանալու համար, թե ովքեր կարող են կանգնած լինել այս կարգի բողոքի գործողությունների հետևում: Հայաստանում տարեկան ներմուծվում է հազարավոր տոննաներով բիտում և քսայուղեր: Այդ բիտումն ամենացածր որակի է, որի ապացույցը Հայաստանի ճանապարհներն են, որոնք կառուցումից ընդամենը մի քանի ամիս հետո, արդեն հիմնանորոգման կարիք ունեն, իսկ մեկ տարի անց արդեն անհրաժեշտ է նորը կառուցել: Նույնը վերաբերվում է քսայուղեր ներմուծողներին, որոնք հասկանում են, որ Հայաստանում դրանց արտադրության կազմակերպումը իրենց դուրս է մղելու շուկայից, քանի որ ավելի որակով, մատչելի և տեղական արտադրության քսայուղերը սպառողները գերադասելու են անորակից: Իսկ տեղական արտադրության կազմակերպմանը խոչընդոտելու միակ ձևը էկոլոգիական շարժառիթներով բողոքի ցույցեր կազմակերպելն է:

Ինչ պետք է անի նման դեպքում «Արմօյլի» տնօրինությունը: Պետք է պայքարել ոչ թե հետևանքի՝ այսինքն պատվիրված ցուցարարների, այլ դրանց կազմակերպիչի՝«Սեմուր ընդ կո» ընկերության դեմ: «Արմօյլի» տնօրեն ասում է, որ «Սեմուր ընդ կո»-ի աշխատակիցներն այնքան են զզված այդ կազմակերպության տերերից, որ դիմում են իրենց այնտեղից տեղափոխվելու համար: Ընդ որում, իրենք արդեն 90 նման դիմում ունեն: Ճիշտ կլինի, եթե նրանց բոլորին էլ աշխաանքի վերցնեն, և ընդհանրապես աշխատանքով ապահովեն «Սեմուր ընդ կո»-ի բոլոր աշխատակիցներին, բացառությամբ դրա սեփականատերերի, որոնք ոչ միայն աշխատելու համար են անընդունակ, այլ կարող են կազմաքանդել ցանկացած նորմալ ընկերություն: Այդ դեպքում գուցե սրանք կհասկանան, որ մարդ չպետք է ուրիշի համար փոս փորի, կարող է այդ փոսը իրեն ավելի շուտ պետք գա:

ArmLife.am