Search
Close this search box.

Նոր արյուն, որը հանրությունը կապում է մարտի 1-ի արյան հետ. ինչ պատկեր է բացահայտվում

Ճանաչելով Հայկ Հարությունյանին, որպես նրա հետ վեց ամիս աշխատած վարչապետ, քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը: Այդ մասին գրառումն արել է նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:

Նա միակը չէ, որ կասկածի տակ է դնում նախկին ոստիկանապետի ինքնասպանության վարկածը: Մարտիմեկյան գործի կարեւոր վկայի մահն անմիջապես առաջ է բերել հակասական գնահատականներ, նաեւ տեղեկություններ, որ նրան ստիպել են տալ ցուցմունք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ ու հասցրել ինքնասպանության:

Այդ տեղեկության հեղինակներին իրավապահները հրավիրել են, աղբյուրը պարզելու համար: Կհաջողվի՞ անել դա, թե՞ կկանխվի խոսքի ազատության մասին աղմուկով: Սակայն, անկախ ամեն ինչից, ակնառու է, որ Հարությունյանի մահն անմիջապես փորձ է արվել ուղղել նոր իշխանության դեմ:

Մյուս կողմից, համացանցային արձագանքներից ակնառու է սլաքը Ռոբերտ Քոչարյանի դեմ: Դրա հեղինակներն ասում են, որ Հարությունյանը Մարտի 1-ի կարեւոր վկա էր եւ նրա լռելը պետք էր երկրորդ նախագահին:

Իսկ ինչի՞ մասին էր պատրաստվում խոսել Հայկ Հարությունյանը, որ նրան պետք էր լռեցնել: Որեւէ մեկը գիտե՞ դա: Հարությունյանը ցուցմունք է տվել եւ ասել գործնականում այն, ինչը 11 տարի ասում է արդեն նախկին իշխանությունը: Հարությունյանի ցուցմունքի մեջ, որը մամուլում հրապարակվեց նրա մահվան մասին տեղեկատվությունից ժամեր անց, կարծես թե չկա ոչինչ, որ կարող է էապես անհանգստացնել Ռոբերտ Քոչարյանին:

Եթե նրա արդեն տված ցուցմունքում չկա այդպիսի բան, ապա ինչու՞ է պետք, կամ ու՞մ է պետք, որ նա չլինի: Արդյոք Հայկ Հարությունյանը պատրաստվում էր դատարանում ասել ավելին, քան ցուցմունքում: Այդ դեպքում ո՞վ գիտեր այդ մասին: Եթե նրան ստիպում էին, ապա երեւի թե պետք է ստիպեին շատերին, միթե՞ ամենաթույլը Հարությունյանն էր: Կամ, եթե ստիպում էին, ապա կստիպեին հենց առաջին ցուցմունքից առաջ:

Իսկ եթե դրանից հետո նա պետք է ավելին ասեր դատարանում, ապա ենթադրվում է, որ իրավապահները պետք է ապահովեին նրա անվտանգությունը: Եթե չեն արել, ուրեմն չեն տեսել դրա անհրաժեշտությունը, այսինքն չեն ակնկալել, որ Հայկ Հարությունյանը պետք է ավելին ասի, քան արդեն տված ցուցմունքում: Իսկ կարո՞ղ է լինել վարկած, որ չեն արել զուտ անփութության պատճառով, այսպես ասած «չմտածելու» պատճառով: Իհարկե բավական բարդ է ասել: Որովհետեւ, եթե դիտարկվեն հնարավոր թվացող բոլոր վարկածները, ապա կարող են լինել նաեւ ոչ պոպուլյարները:

Փաստն այն է, որ կա նոր արյուն եւ նոր զոհ, որը անուղղակի, բայց շատ թափանցիկ վարկածներով եւ գնահատականներով հանրությունը կապում է Մարտի 1-ի արյան հետ: Միաժամանակ, ընթացող քննության շրջանակում հանրությունը տեւական ժամանակ է չի ստանում մարտի 1-ի սպանությունների եւ կոնկրետ մեղավորների «կապի» վերաբերյալ համոզիչ բացահայտում:

Մինչդեռ, այդ համատեքստում ստացվում է, որ գործի բացահայտման պատկերը չի ավելանում, իսկ արյունը՝ ավելանում է: Եվ հերթական անգամ անորոշ, թե ով է կրակել, որովհետեւ ինքնասպանության վարկածի հաստատման դեպքում անգամ լինելու է դրա հանդեպ թերահավատների մեծ շերտ:
Lragir.am