Search
Close this search box.

Վարչապետը տեղյա՞կ է «շանտղություն»-ից

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրեց սննդի շուկայում իրենց կատարած ուսումնասիրություններն ու խախտումները` մոտ 30 ընկերություններում։ Դրանք մասնավորապես վերաբերում էին խտացրած կաթին, թթվասերին, յուղին, հալած պանրին:
Արձանագրված լուրջ խախտումներից մեկն այն էր, որ խտացրած կաթի մեջ հայտնաբերվել էր բուսական յուղ, ինչն անթույլատրելի է։ Ստացվում է, որ վաճառվող ապրանքը եղել է ոչ թե խտացրած կաթ, այլ բուսական յուղի հիմքով պատրաստված սննդամթերք:

Սակայն թե ո՞ր ընկերության, ո՞ր արտադրանքներն են եղել խախտում պարունակող սննամթերքները, այդ մասին ՏՄՊՊՀ-ն չի նշում՝ պատշաճ չիրազեկելով սպառողներին։ Եվ եթե չլիներ «Հետք»-ի հետևողական հետաքննությունը այս շուկայում, այդպես էլ կգործեր «շանտղություն»-ը ու սպառողը չէր իմանա, թե ինչ են կերել իր հարսն ու երեխան, ինչպես որ չգիտե, թե ինչ և ինչի դիմաց է սպառողից պատշաճ տեղեկատվությունը թաքցնում ՏՄՊՊՀ-ն: Մինչդեռ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն` հայտնաբերելու հենց նույն օրը կամ գոնե մի քանի օր հետո ՏՄՊՊՀ-ն պետք է պատշաճ իրազեկում իրականացներ:

Պետական այդ օղակի պարտիզանական աշխատաոճը սիպեց, որպեսզի «Հետք»-ը հարցում ուղարկի` պարզելու թե պետական վերահսկողության ինչ գործողություն է իրականացվել, և կոնկրետ որ տեսակում ինչ տիպի խախտումներ են հայտնաբերվել, որ նորմատիվ փաստաթղթերով է կատարվել փորձաքննությունն ու ինչ չափանիշների է համապատասխանում։ Միայն մեկ ամիս հետո հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ-ն -ն գրավոր տեղեկություն է տրամադրում աղիքային ցուպիկի մասին , որում մասնավորապես նշված է.

«Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում (27.07.2017թ արտադրած վանիլային և շոկոլադե պաղպաղակի նմուշներ) հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ՝ ԱՑԽՄ։
«Իգիթ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ժամանակ՝ «Պլոմբիր» և սերուցքային տեսակի պաղպաղակներում։ «Պլոմբիրում» հայտնաբերվել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ սերուցքայինում՝ ՄԱՖԱՄ և աղիքային ցուպիկ։ Առկա է եղել նաև բուսական յուղ, ինչը արգելվում է օգտագործել տվյալ ապրանքատեսակների արտադրության մեջ։
«Արմսվիթ» ընկերությունում իրականացված ստուգման ժամանակ բուսական յուղով արտադրված վանիլային պաղպաղակների 2 նմուշում, հետազոտության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։
«Ա․Ավետիսյանի Ա․Ա․Ա․» ՍՊԸ-ում դիտարկման ժամանակ վերցվել են բուսական յուղով շոկոլադապատ և վանիլային նմուշները, որոնց հետազոտության արդյունքում շոկոլադապատ նմուշում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, իսկ վանիլայինում եղել է խախտում՝ միայն չոր նյութի զ/մ ցուցանիշով։
«Ոսկե պինգվին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ժամանակ ուսումնասիրվել են պլոմբիր «Ֆանտաստիկ»-ը և «Վանիլային Պաղպաղակ» արտադրատեսակները։ Փորձաքննության ժամանակ երկու նմուշում էլ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ։

Սրանք այն խախտումներն են, որը հարկատուների հաշվին սնվող ՏՄՊՊՀ-ն -ն խնամքով թաքցրել է հարկատու սպառողից: Մինչդեռ ժամանակին, երբ վարչապետը իր կառավարման օղակն էր ձևավորում` կարճ ու կոնկրետ ասաց. «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»: Իսկ որպեսզի թույլ չտանք, որ մեր հարսը ու երեխան, օրինակ՝ աղիքային ցուպիկով սնունդ օգտագործեն, առնվազն պետք է տեղեկացված լինենք: Ի վերջո հենց դա է այս օղակի գործը: Բայց քանի որ ՏՄՊՊՀ-ն սպառողի նկատմամբ «շանտղություն » է թույլ տվել, ակամայից սպառողն էլ «շանտղություն» է թույլ տվել իր հարսի ու երեխայի նկատմամբ: Իսկ սպառողն այս պարագայում կարող է ցանկացած մեկը լինել`  վերին օղակներում նստածներից մինչև ներքին օղակն ու շարքային սպառողը:
Փաստորեն վարչապետի «շանտղություն» ասվածը չօգնեց, հարկավոր է նոր մեխանիզմ կիրառել: