Search
Close this search box.

Զինծառայողի սպանության համար մեղադրանք է առաջադրվել զորամասի վարորդին

Մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել զորամասի ջոկի վարորդին։

Հիշեցնենք՝ զինծառայող Կ.Կարապետյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։ Նույն օրը քննչական կոմիտեն տեղեկացրեց դիտավորյալ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ համածառայակցին ձերբակալելու մասին։

Քննության արդյունքում, սակայն առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Ըստ նախաքննության վարկածի՝ զորամասի վարորդը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ ինքնաձիգի փողն ուղղել է դեպի շարքային Կ.Կարապետյանը ու կատակով սեղմել ձգանը,որի հետևանքով արձակված կրակոցից շարքային Կ.Կարապետյանին անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկվել դատարան։