Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ դատախազին

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ

Գյումրու մի քանի իրավապահների վճարվող անգործությունը

Հարգելի պարոնայք.

2017 թվականի հուլիսի 2-ին, այցելելով հայրիկիս գերեզմանին, տեսա, որ գերեզմանի վրա եղած շինություն հանդիսացող պարիսպը դիտավորությամբ վնասվել է. պարսպի վրա դրված երեսպատման սալիկները տեղահան էին արված և գցված էին գերեզմանի հարևանությամբ: Սալիկների մեծ մասը կոտրված էր: Ընդ որում, յուրաքանչյուր սալիկը մոտ 1 մետր երկարություն ունի և բավականին ծանր է: Ենթադրելի էր՝ վնասումն իրականացվել էր մի քանի անձանց մասնակցությամբ: Վանդալիզմի սույն փաստի կապակցությամբ նույն օրը հաղորդում եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժին: Նշանակվեցին դատաապրանքագիտական և քրեագիտական փորձաքննություններ: Համաձայն իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ քրեական գործը հարուցվել է 12.07.2017թ.:

Սպասում էի գործի ընթացքին և բացահայտմանն ուղղված կոնկրետ միջոցներին: Սակայն ս/թ օգոստոսի 30-ին ստացա ՇՄ քննչական վարչության քննիչ Արմեն Գյոզալյանի ստորագրությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումը, ինչը շատ զարմանալի էր: Այն դեպքում, երբ նշված քրեական գործի բացահայտման ուղղությամբ, ակնհայտորեն, չէին գործադրվել բավարար միջոցներ և ջանքեր, երբ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի համապատասխան աշխատակիցը՝ Արմեն Մարմարյանը, լրիվությամբ և ամբողջապես չի իրականացրել օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, գործը կասեցվում է: Առնվազն 2 շաբաթը մեկ իմ հեռախոսազանգերին ի պատասխան՝ ինձ ասել է, որ նորություն չունի: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը՝ որպես հետաքննող մարմին, 3 ամսվա ընթացքում անգործության է մատնված եղել:

Փաստը և հիմքը գործի կասեցման որոշման մեջ նշված ընդամենը 4 անձանց հարցաքննությունն է: Ընդ որում, նրանցից 2-ը իմ ենթադրած անձինք են (ուշագրավ է, որ քննիչն իր որոշման մեջ հիշատակել է ընդամենը նրանցից մեկի հարցաքննության փաստը, երկրորդի մասին խոսք չկա: Վերջինի ցուցմունքի մասին «վազող տողով» նշված է դատախազի որոշման մեջ): Մյուս հարցաքննվածները հարևան մեկ այլ գերեզմանի տերն է (որի ով լինելու մասին ևս ես եմ ասել) ու գերեզմանի վարիչը: Ակնհայտորեն երևում է՝ 3 ամսվա ընթացքում չի իրականացվել աշխատանք նոր անձանց նոր շրջանակ հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ, ցուցաբերվել է անտարբերություն՝ մատների արանքով նայելով հանցագործության բացահայտմանը: Փաստորեն, ես սխալ եմ արել, որ հայտնել եմ իմ կասկածները և ենթադրությունները, քանզի ՇՄ քննչական վարչության քննիչ Արմեն Գյոզալյանը ևս 3 ամսվա ընթացքում սահմանափակվել է 4 անձի շուրջը «պտտվելով»: Չձեռնարկելով բավարար քննչական միջոցառումներ, ցուցաբերելով անհասկանալի շտապողականություն՝ քննիչը գործը կասեցնելու որոշում է կայացրել: Որոշման մեջ նշված չէ, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՛ր հոդվածի համաձայն է ընտրվել կասեցման ժամկետը: Պարզ չէ՝ ինչո՛ւ է քննիչը հապշտապություն ցուցաբերել և առանց պատշաճ քննության գործը կասեցրել ինչ-որ անտրամաբանական ժամկետում: Սա ի՞նչ է, ծա՞ղր է: Փաստորեն, և՛ նախաքննական, և՛ հետաքննական մարմինները կոպտորեն խախտել են ՀՀ Քր. դատ. օրենսգրքի 17 հոդ. 3-րդ կետը՝ չձեռնարկելով օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

Անհասկանալի են նաև քրեական գործի վարույթը կասեցնելու դեմ իմ բողոքը մերժած ՇՄ դատախազի օգնական Արտյոմ Ավետիսյանի հիմնավորումները: Չգիտես ինչու (չնայած երկարաշունչ պատասխան էր գրել), գտել է, որ փորձաքննություններ նշանակելը և անցկացնելը, իմ կողմից նշած անձանց շրջանակը հարցաքննելը բավարար են եղել: Ինձ համար անըմբռնելի է, երբ ոստիկանը և քննիչը ինձ հարցնում են. «Բա էլ ի՞նչ անենք, էլ ո՞ւմ հարցաքննենք»:

Ոստիկանները գործի քննությունը գցում են քննիչների ու դատախազների, դատախազները՝ ոստիկանության ու քննիչների, քննիչները՝ ոստիկանության վրա: Ու այդպես շարունակ: Ամենապարզ հարցերի պատասխաները չկան, չեն շոշափվում քննության ընթացքում: Պնդմանս հիմքը վերստին փաստաթղթերի բովանդակությունն է: Կատարյալ ոչ պրոֆեսիոնալիզմ, ցինիզմ ու անարդարություն: Եթե ոստիկանությունն ու քննչական մարմինը 3 ամսվա ընթացքում բավարարվել են միայն իմ կասկածները «ուսումնասիրելով», եթե վերջիններն անընդհատ կրկնում են, որ գործի կասեցումը դեռ կարճում չէ, ու կան գործեր, որ բացահայտվում են 30 տարի անց, ապա, կարծում եմ, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գործի պարտակում, հանցագործությունը բացահայտելու ցանկության բացակայություն: Նման աշխատաոճը ենթադրել է տալիս, որ իրավապահ համակարգի այսպիսի աշխատակիցները մեղքի իրենց բաժինն ունեն գերեզմանատներում շարունակվող գողությունների, վանդալիզմի ու թալանի հարցում:

Դիմելով ձեզ՝ ակնկալում եմ, որ ձեր խիստ հսկողության տակ կվերցնեք սույն գործի հետ առնչվող համապատասխան մարմինների, անձանց աշխատանքը՝ գործի քննությունը իրականացնելով այլ՝ արհեստավարժ անձանց կողմից՝ լրիվությամբ, օբյեկտիվորեն ու բազմակողմանի:

Հ.Գ. Հետաքրքիր է, եթե որևէ մի պաշտոնյայի հարազատի գերեզմանի հետ նման տխուր դեպք կատարված լիներ, քննությունն այսպե՞ս կընթանար:

[smartslider3 slider=116]