Search
Close this search box.

Հակահայկական պառակտիչ քարոզչություն BBC-ի կողմից. Գագիկ Համբարյան

Օրը սկսվեց բրիտանական պետական BBC հեռուստառադիոընկերության ռուսական ծառայության կայքում հակահայկական պառակտիչ վերնագրով՝  «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008 թ-ին: Հետաքննությունը մատնանշեց ղարաբաղյան ջոկատը» մի հոդվածով, որը վերաբերում է 2008 թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին:

Հոդվածագիրը գրեթե կրկնում է այն բանսարկություն-վարկածներից մեկը, որը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո բավականին ակտիվ տարածվում էր նաև Հայաստանում և, այս պահին այն հրապարակելով BBC-ի կայքում, որևէ նորություն չի «բացահայտում», իսկ այդ բանսարկություն-վարկածին լուրջ վերաբերվելու համար այն ներկայացվում է որպես հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություն: Զավեշտն այն է, որ հոդվածագիրը երևի «մոռացել» է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի կողմից վերահսկվող քրեական գործի մանրամասները հայտնի են հանրությանը և հոդվածում մատնանշված բանսարկություն-վարկածի վերաբերյալ ապացույցներ չկան:

Այս ամենում կարևոր է, թե ինչու՛ այս հոդվածը լույս տեսավ հենց հիմա ու հենց բրիտանական պետական ԶԼՄ-ում: Բոլորին հայտնի է բրիտանական իշխանությունների և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների մասին և պատահական չեմ համարում այն, որ այս հոդվածը լույս է տեսել հենց բրիտանական պետական BBC-ի ռուսական ծառայությունում՝ նրա հասանելիությունը հայ հասարակության համար ավելի լայն դարձնելու համար (ռուսախոսների թիվը Հայաստանում բավականին մեծ է):

Պատահական չէ նաև այն, որ հոդվածի լույս տեսնելուց րոպեներ անց այն հայտնվեց ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ների էջերում՝ համապատասխան մեկնաբանություններով: Հոդվածի գլխավոր նպատակն է, հին բանսարկությունները BBC-ի «լուրջ շուրթերով» տարածելով, կրկին սրել հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև, ինչպես նաև էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որի մեջ, զարմանալի չէ, շահագրգռված են նաև Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ևս: Ափսոսում եմ, որ հայաստանյան շատ ԶԼՄ-ներ այդ հոդվածը շատ արագ թարգմանեցին և տեղադրեցին իրենց կայքերում, իսկ որոշներն էլ այն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակով հատուկ նշում են հոդվածի տպման «վայրը» ՝ BBC-ին:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն ժամանակին մեկնաբանել է հոդվածում բարձրաձայնած մտքերը և չի հաստատել դրանք:
Գագիկ Համբարյան