Search
Close this search box.

Երևանի բարձունքում գտնվող Լիսկայի դղյակի ճակատագիրը

Այսօր՝ կառավարության նիստից հետո, Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարություն է արել, որը վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում գտնվող տան գրանցված-չգրանցված լինելուն:

Նկատենք, որ խոսքը Երևանի կենդանաբանական այգի տանող ճանապարհին` բարձունքի վրա կառուցված տան մասին է:

«Էդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ: Դա համայնքի լիազորությունն է, և ես կասկած չունեմ, որ համայնքը հետամուտ է լինելու»,- ասել է Սարհատ Պետրոսյանը՝ հավելելով, որ խախտմամբ զբաղվում են համապատասխան մարմինները:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ իրենք անձամբ Սուրիկ Խաչատրյանին են դիմելու, նրանից գույքի գրանցում պահանջելու լիազորություն չունեն: Դարձյալ կրկնել է, որ դա համայնքի խնդիրն է, և ինքը չի կասկածում, որ համայնքը զբաղվում է: Համայնքը դիմել է և հետամուտ է լինում:

Սարհատ Պետրոսյանը նաև ասել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացում արձանագրել են նաև չգրանցված այլ գույքեր, ինչից կարելի է ենթադրել, որ նրանց դեպքում ևս գույքահարկ չի վճարվում: Հարկ չվճարողների մեջ կան և եղել են նախկին պաշտոնյաներ: Կադաստրի կոմիտեի նախագահն այն կարծիքին է, որ համայնքը` որպես այդ հարկի տեր, հետամուտ կլինի և կլուծի խնդիրը:

«Բազմաթիվ են օրինակները, հսկայական պալատներ ուղղակի բերում են, մեզ մոտ գրանցում են, բայց եկեք ես անուններ չասեմ»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այլ անուններ չի ցանկանում հրապարակել:

Լրագրողները հիշեցրել են, որ Մոնումենտում կառուցված տների մասին խոսելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանք որակեց «թանգարան բաց երկնքի տակ»: Այդ տների տերերը վճարո՞ւմ են անհրաժեշտ չափի գույքահարկը:

«Կադաստրի կոմիտեն նման ուսումնասիրություն չի կատարել, բայց էդ գույքերի գույքահարկը ձևավորում է Կադաստրի կոմիտեն, հավաքագրում է համայնքը: Ես չեմ կարող ասել, թե որքան են վճարում, մոտավորապես 15 բաղադրիչ կա, որով ձևավորվում է գույքահարկը»,- հավելել է Սարհատ Պետրոսյանը: