Search
Close this search box.

Կատալոնիայի անկախության կողմնակիցները փակել են Բարսելոնա տանող հիմնական ճանապարհները

Կատալոնացիները 17 հատվածներից փակել են Բարսելոնա տանող ավտոճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ անցկացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների:

Իսպանիայի տրանսպորտի ազգային գործակալությունը հայտարարել է, որ ճանապարհը փակելու յուրաքանչյուր պոտենցիալ հնարավորության պետք է արձագանքի Կատալոնիայի ոստիկանությունը: Միաժամանակ, վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ մայրուղիները ցուցարարներից ազատելու հրաման չեն ստացել:

Կատալոնիայում գրեթե չի գործում հանրային տրանսպորտը՝ պայմանավորված զանգվածային գործադուլով: Աշխատանքը դադարեցրել են Բարսելոնայի նավահանգիստը, դպրոցները, համալսարանները և բուժհաստատությունները: Ցույցերին միացել են նաև կատալոնացի ուսանողները: 25 տոկոսով կրճատվել է նաև Բարսելոնայի մետրոյի աշխատանքը:

Փակ են նաև զբոսաշրջային կենտրոնները, այդ թվում և քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը հանդիսացող Սուրբ ընտանիքի տաճարը: