Search
Close this search box.

Հայտնի է, թե որ դատավորը կքննի Արման Մկրտումյանի եւ նրա որդու դեմ մահափորձի գործը

ՀՀ գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործը։ NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացվավ, որ գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Գագիկ Դանոյանը, նրա ընկերը՝ Հովհաննես Ռիժենկոն եւ դստեր ամուսինը՝ Մայիս Մկրտչյանը։ Երեքի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գագիկ Դանոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել հրազեն, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Հովհաննես Ռիժենկոյի, դստեր ամուսնու՝ Մայիս Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով կատարել է ավազակային հարձակում, որը դրսեւորվել է պահեստարան ապօրինի մուտք գործելով եւ ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ: Այնուհետեւ բնակարան ապօրինի մուտք գործելուց հետո, հանդիպելով տուժողներ Արման եւ Գոռ Մկրտումյանների դիմադրությանը, ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով երկու կամ ավելի անձանք սպանության ավարտին չի հասցվել:

Կրակոցների հետեւանքով Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ նրա որդուն` առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Գագիկ Դանոյանը ավազակային հարձակմամբ Արման, Գոռ եւ Մարինե Մկրտումյանների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել ընկերոջ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, դստեր ամուսնու Մայիս Մարտինի Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ:

Երեք ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ավազակության համար, իակ Գագիկ Դանոյանին ու Հովհաննես Ռիժենկոյին՝ նաեւ ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելու եւ պահելու համար։

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին։