Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին. Շենավանում տեղի ունեցած սպանության փորձի մանրամասները

Մարտի 23-ի երեկոյան «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 4 և 9 մմ տրամաչափի 1 պարկուճ, որոնք առգրավվեցին։ Նշանակվեց դատաձգաբանական փորձաքննություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի մասնակիցների շրջանակը։ Շենավանցի և Վանաձորցի մի խումբ տղամարդկանց պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի և հանգուցալուծվել կրակոցներով։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Սպիտակի ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմնին հարցաքննության ներկայացրին մի խումբ անձանց, որոնք, ըստ տեղեկությունների՝ դեպքի հետ առնչվում էին։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Խոսքը Վանաձորի բնակիչ Արայիկ Կարապետյանի մասին է։ 43-ամյա Կարապետյանին ոստիկանները հայտնաբերեցին Վանաձորի Չուխաջյան փողոցի տներից մեկում և կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։
Կատարվածի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրի դերակատարումը և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։