Search
Close this search box.

Ամոթալի իրավիճակ է ստեղծվել, դատավորը սեղան չունի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ դատական համակարգում ամոթալի իրավիճակ է ստեղծվել. անգամ գրենական պիտույք չկա, որ դատավորները աշխատեն: Թեեւ դատական դեպարտամենտից հերքել էին այս լուրերը, բայց դատավորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր փաստեր են հայտնի դարձել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավորներից Աննա Արզումանյանին վերջերս Չարենցավանի նստավայրից տեղափոխել են Աբովյան քաղաքի նստավայր:

Աբովյանում, սակայն, Արզումանյանը հայտնվել է խնդրի առաջ. այստեղ պարզապես չկան իր աշխատասենյակի համար անհրաժեշտ իրեր՝ համակարգիչ, տպիչ, սեղան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ դատավոր Արզումանյանից, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե վստահ չէ, որ խոսում է լրագրողի հետ: Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները խոսում են անկախ դատական համակարգի կայացման մասին:

Վերջերս ՀՀ էին այցելել Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան եւ Անդրեյ Շիրցելը: Եւ իրենց տարածած հայտարարության մեջ նրանք նշել են. «Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը եւ հատուկ կոռուպցիայի եւ խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, եւ նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»: Բայց, փաստորեն, դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: