Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սպառնալիքը՝ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի իշխանությունն ունի պատմության մեջ թերևս ամենաբարձր լեգիտիմության աստիճանը։ Դա նշանակում է, որ այդ իշխանությանը ոչինչ չի խանգարում կատարելու լայնամասշտաբ բարեփոխումներ, իրականացնելու երկրի զարգացմանը միտված ծրագրեր և այլն։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանությանը, որպես այդպիսին, որևէ վտանգ չի սպառնում։

Սակայն այս վերջին տպավորությունը ճիշտ ու տեղին է միայն առաջին հայացքից, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքն ու դաշտը չեն գործում սովորական խաղի կանոններով ու օրինաչափությամբ։ Հայաստանի քաղաքական ներկապնակը ներկայումս բաղկացած է իշխանությունից, խորհրդարանական կուսակցություններից՝ «Բարգավաճ Հայաստանից» ու «Լուսավոր Հայաստանից» և բազմաթիվ արտախորհրդարանական ուժերից։ Դրանց թվում, սակայն, առանձնանում է մեկը, որը քաղաքական դաշտում ինստիտուցիոնալ ներկայացվածություն չունի, սակայն իրականում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում իշխանության համար։

Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը չնայած ծանրագույն մեղադրանքներով գտնվում է անազատության մեջ, այդուհանդերձ նշանակալի ներկայացվածություն ունի քաղաքական, լրատվական ու քարոզչական դաշտում։ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է ահռելի ֆինանսական կարողությունների, և ակնհայտ է, որ այդ կարողություններն ամբողջությամբ ծառայեցնում է մի կողմից՝ ազատության մեջ հայտնվելու, մյուս կողմից՝ սեփական քաղաքական օրակարգը թելադրելու համար։

Ահա հենց Ռոբերտ Քոչարյանն է, որ ամենամեծ վտանգն է ներկայացնում գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ իր ֆինանսական և քարոզչական կարողություններով նա կարող է հարուցել արտահերթ գործընթացներ, ներքին անկայունություն, ինչպես նաև արտաքին խաղացողներին ներգրավել Հայաստանի ներքաղաքական զարգացումներում։ Քոչարյանի այս կարողությունների ու հնարավորությունների համախումբը՝ որպես համընդհանուր վտանգ, միշտ ծառացած է լինելու գործող իշխանության համար։ Դրան նպաստում են նաև ռուսական տարբեր շրջանակներից Քոչարյանին պարբերաբար հղվող աջակցության ուղերձները։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը խաղում է միայնակ՝ հույսը դնելով միայն սեփական ֆինանսական կարողությունների ու մեդիառեսուրսների վրա։ Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ պահին Ռոբերտ Քոչարյանը կարող է համախմբող գործոն դառնալ արտախորհրդարանական երևացող ու անտեսանելի ուժերի, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչու ոչ՝ «Սասնա ծռերի» և մնացյալ մանր խաղացողների համար։ Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է ըստ էության որպես հակահեղափոխության միավորող ու խորհրդանիշ։ Ընդ որում, իշխանության համար Քոչարյանից բխող այս վտանգը կարող է պահպանվել նաև նրա նկատմամբ Մարտի 1-ի գործով դատական վճռի հրապարակումից հետո։ Քոչարյանի համար քաղաքականությունը փրկության միակ ճանապարհն է՝ ինչպես իր դեմ հարուցված քրեական գործերի քաղաքականացման, այնպես էլ ունեցած ֆինանսական կարողությունների պահպանման առումով։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը գործող իշխանությանը մշտապես խանգարելու է ոչ միայն ներքաղաքական հարցերում, այլ նաև արտաքին քաղաքական զարգացումներում։ Քոչարյանին հաջողվել է աջակցության որոշակի մակարդակ ապահովել ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում, և դրանով նա դարձել է յուրատեսակ խոչընդոտ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում։ Քանի դեռ Քոչարյանն անազատության մեջ է, հայ-ռուսական հարաբերություններում կա որոշակի սառնություն, անվստահություն։ Մյուս կողմից՝ ռուսական ինչ-ինչ շրջանակներ Քոչարյանի անձով են պայմանավորում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ու Հայաստանը կրկին ռուսական տոտալ ազդեցության տիրույթ վերադարձնելու հնարավորությունը։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին բավական մեծ քաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական վնասներ է հասցրել՝ 10 տարի զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը։ Հիմա Քոչարյանը շարունակում է վնասել Հայաստանին՝ արդեն գտնվելով անազատության մեջ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չի կարողանալու ամբողջությամբ հանգիստ լինել, քանի դեռ չեզոքացված չէ Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Դրա չեզոքացման տեսանելի հնարավորություններ, սակայն, առայժմ չեն երևում: