Search
Close this search box.

Հայաստանի բնակչության համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա, ներքին պարտք չի կուտակվի. վարչապետ

Հայաստանի բնակչության համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա, այսօր խորհրդարանի ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապեին հարց ուղղեց գազի գնի մասին: Նա հարցրեց՝ եթե բանակցությունների արդյունքում չգտնվեն ծախսերի կրճատման հնարավոր ուղիները, կստացվի, որ ներքին պարտք է կուտակվում: Արդյոք կա պատկերացում, թե ինչպես է այդ պարտքը մարվելու, ինչ գույքով:

“Ես ձեր մտքերի ընթացքը չեմ հասկանում, իսկ ով ասաց, որ ներքին պարտք է կուտակվել: Ես շատ հստակ այդ մասին հայտարարել եմ: Ես ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ փաստորեն հայտարարել եմ, որ գազի գինն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազը գնում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը: Եվ Գազպրոմ Արմենիա ընկերությունն ինչքանով է գնում գազը, դա ուրիշ թեմա է, իսկ պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ, և մենք ասել ենք, որ 2019 թվականին չի բարձրանա գազի գինը: Այստեղ կա հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման անհրաժեշտություն, և կա ԵՏՄ շրջանակներում այդ թեմայի քննարկման անհրաժեշտություն”,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ պատգամավորի խոսքում ակնարկ կար ՀայՌուսգազարդի հայտնի պայմանագրի մասին, որի դիմաց բաժնետոմսեր տրվեցին ընկերությանը: Այսպիսի բան, ըստ Փաշինյանի, չի լինելու: Համենայնդեպս, 2019 թվականի համար որևէ նման սխեմա չի գործելու: Խնդիր է դրված ընկերության ծախսերի օպտիմալացման ու արդյունավետության շրջանակներում հարցի լուծման: