Search
Close this search box.

Բաց նամակ. Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոին

Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը` բողոքելով համալսարանում տեղի ունեցող ֆինանսական յուրացումներից և կոմբինացիաներից: Նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը և նրա թիմը ահռելի միջոցներ են փոշիացրել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրեր իրականացնելուց… Բազմիցս ենք անդրադարձել և Շիրակի մարզի դատախազություն ենք դիմել Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, տխրահռչակ Սահակ Մինասյանի կողմից բուհի տարրական թալանի և սնանկացման վերաբերյալ…
Ամենահայտնի սկանդալը՝ ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակում` որպես համաֆինանսավորում, բուհի բյուջեից 118 միլիոն դրամով ՇՊՀ դահլիճի վերանորոգման փաստն էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք… Հավելենք, որ դահլիճի կահույքը և տեխնիկան Համաշխարհային բանկի կողմից նվիրատվություն է, ինչը, սակայն, կոծկվել է Մինասյանի կողմից և գույքն էլ մեր ունեցած տեղեկություններով գնվել է Մինասյանի խորհրդականի եղբորից, իսկ խորհրդականն էլ Մինասյանի որդիների կնքահայրն է: ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև ՇՊՀ-ում հեռաուսուցմամբ կազմակերպել «Ներառական կրթություն» և «Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում ու անցկացում» դասընթացները… Ուսումնասիրելով վերոնշյալ ծրագրի բովանդակային ուղղությամբ կատարված աշխատանքները` բացահայտվում է, որ ծրագիրի քողի տակ ոչ միայն բուհի բյուջեն է մսխվել, այլ նախատեսված գործողությունները ևս խայտառակ բնույթ են կրել… Պարզվում է, որ ծրագրի ամենակարևորագույն և թանկարժեք կետերը իրականացրել են նախկին ռեկտորի ամենահավատարիմ երկու ներկայացուցիչները. 1. ՇՊՀ-ում հեռաուսուցման գծով նախատեսվող դասընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքների որակի ապահովման համար անհատ-խորհրդատուի մրցույթի հայտարարության արդյունքում ընտրվել է Արմենուհի Սարգսյանը, որն ակնհայտորեն չի բավարարել հայտարարության պահանջներին: Ըստ հայտարության` խորհրդատուի որակավորման նվազագույն պայման է հանդիսացել բարձրագույն կրթության համակարգում առնվազն 2 տարվա որակի ապահովման ուղղությամբ աշխատանքային փորձը /ՇՊՀ-ում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն/, անհատական և թիմային աշխատանքի փորձ, կրթության որակի ապահովման, բուհի ինքնավերլուծության իրականացման փորձ, գիտելիքների ստուգման գործիքակազմի մշակման ու կիրառման փորձ, էլեկտրոնային, հեռավար ուսուցման մասնագիտական դասընթաց(ներ)ի բովանդակության մշակման փորձ: Աշխատանքի հիմնական գործառույթներից մեկը եղել է՝ իրականացնել հեռաուսուցման դասընթացի ուսումնական նյութերի և դրանց մատուցման մեթոդների մշտադիտարկում շահառուների շրջանում՝ համագործակցելով համապատասխան խորհրդատուների հետ: Սույն անձը, չունենալով համապատասխան փորձ և հմտություններ, ՇՊՀ նախկին ռեկտոր Մինասյանի կողմից Որակի ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել 2017 թ-ի հուլիսին և այդ ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ չունի… Հավելենք, որ նշանակվելուց մեկ տարի առաջ Մինասյանի այդ ներկայացուցչի աշխատանքը` որպես բուհի Ասպիրանտուրայի բաժնի վարիչ, գնահատվել էր անբավարար… Բուհի նախորդ հավատարմագրման ժամանակ բացարձակապես ոչ մի կապ չի ունեցել ինքնավերլուծության հետ: Իսկ գիտելիքների ստուգման գործիքակազմի մշակման ու կիրառման, էլեկտրոնային, հեռավար ուսուցման մասնագիտական դասընթաց(ներ)ի բովանդակության մշակման փորձի մասին խոսելն ավելորդ է… Փաստորեն Արմենուհի Սարգսյանը, ոչ մի կապ չունենալով վերոնշյալ աշխատանքի հետ, ընտրվում է հեռաուսուցման գծով նախատեսվող դասընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքների որակի ապահովման համար անհատ-խորհրդատու և երեք ամսվա համար (2018 թ-ի մարտի 1-ց մինչև 2018 թ-ի մայիսի 31-ը) նրան վճարվում 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ: 2. ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում նախատեսված հեռաուսուցման դասընթացի տեսական մասի բովանդակության պատրաստման համար խորհրդատվական ծառայություններ տրամադրող մասնագետի ընտրության արդյունքների հիման վրա ընտրվել է Մինասյանի մեկ այլ դրածո, Ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանը, որին երկուս ու կես ամիս ծառայության համար (2018 թ-ի մարտի 1-ց մինչև 2018 թ-ի մայիսի 16-ը) վճարվել է 1.350.000 դրամ: Սույն կերպարը ևս չի համապատասխանում ՇՊՀ-ի հայտարության նվազագույն պայմաններին, սակայն, քանի որ Մինասյանի մտերիմներից է, նա է հաղթել… Ուսումնասիրելով մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը, բացահայտվում է նաև նախկին տխրահռչակ ռեկտորի «նախասիրություններից» մեկը. միայն Արմենուհի Սարգսյանի խորհրդատվության դեպքում է (խոշոր գումարների մասին է խոսքը), որ նախկին ռեկտորը ցուցաբերում է առատաձեռնություն և վճարում իր երկրպագուհու պահանջված գումարն առանց սակարկելու, իսկ մյուս դեպքերում բավականին լուրջ իջեցվել է պահանջված գումարը: Որպեսզի պատկերացում ստանաք, թե այդ մրցույթներն ինչ «արդար» են կազմակերպվել, ընդամենը մեկ փաստ կբերեմ…Պարզվում է, որ այդ մրցույթ կոչվածներից մեկին մասնակցել է ՇՊՀ-ի նախկին աշխատակից Արմինե Զարգարյանը… Խայտառակությունն այս ամենում այն է, որ մրցույթ կազմակերպող թալանչի դիլետանտները չեն էլ թաքցրել, որ այն կեղծում են, քանի որ 2017 թ-ի հուլիսից ԱՄՆ-ում բնակվող Արմինե Զարգարյանը չէր կարող 2017 թ-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թ-ի հունվարի 19-ը առաջարկներ ներկայացնել կազմակերպիչներին և մասնակցեր այն մրցույթին, որը հաղթել էր Արմենուհի Սարգսյանը… Շատ հետաքրքիր է, Համաշխարհային բանկը որևէ մոնիթորինգ անցկացրել է ՇՊՀ-ում իրականացված ծրագրերի պահով… Տեղյա՞կ է, թե իր տրամադրված գումարները ՇՊՀ-ի նախկին ռեկտորը և նրա մտերիմներն ինչպե՛ս են փոշիացրել և տարրականորեն գրպանել… Մենք ընդամենը մի քանի օրինակներ բերեցինք, երբ կամայականությունները չափազանց աղաղակող են: Չխախտելով անմեղության կանխավարկածը և մեջբերելով հենց Մինասյանի կողմնակիցների բազմաթիվ հայտարարությունները, վերջում նաև հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով, Սահակ Մինասյանը շատ ջերմ գործնական հարաբերություններ ունի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակից Անուշ Շահվերդյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանի հետ, որոնց հետ էլ կատարել է իր ապօրինությունները:

Հարգանքով` Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան