Search
Close this search box.

Թանաքը դեռ չչորացած՝ դատախազությունից հայտարարում են, որ դատական ակտը անօրինական է․ Մանվել Գրիգորյանի փաստաբան

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հեղինակավոր և իրավաչափ» է համարում իր պաշտպանյալին 25 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու՝ դատարանի կայացրած որոշումը:

«Տեղեկացնեմ, որ դատարանը օրենքով սահմանված կարգով քննեց միջնորդությունը գրավ կիրառելու հետ կապված, և գտավ, որ այն իրավաչափ է, որի հիմքով կայացրեց իր դատական ակտը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: – «Օրենքի ուժով, երբ կիրառում են գրավ, նայում են՝ տեսնեն օրենքով նախատեսված հիմքերը առկա են, թե ոչ: Այսինքն, դատարանը տեսավ՝ օրենքով նախատեսված հիմքերը առկա են, միևնույն ժամանակ, կարծում եմ, նաև հաշվի է առնվել անձի առողջական վիճակը»:

Փաստաբանն անդրադարձավ նաև գլխավոր դատախազության հայտարարությանը, թե պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

«Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած՝ Գլխավոր դատախազությունից հայտարարում են, որ կարծում են՝ դատական ակտը անօրինական է և բողոքարկելու են։ Ո՛չ դատական նիստին են եկել դատախազության աշխատակիցները, ո՛չ դատական նիստին են մասնակցել, ո՛չ էլ էդ դատական նիստի ակտի հետ կապված գործի նյութերին են ծանոթ, բայց պատասխանատու հայտարարություն են անում, որովհետև երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր։ Դրա տակ պարոնայք հասկացել են՝ ուրեմն դատական ակտը կարող է լինել անօրինական», – փաստեց Լևոն Բաղդասարյանը: – «Եթե դատախազությունը կներկայացնի հանրությանը գոնե մեկ ապացույց, մեկ փաստ, որ Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կարող է խուսափել նախաքննությունից, խոչընդոտել կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի վարույթ իրականացնող մարմնից և կհորդորի իր պաշտպանյալին ետ վերադառնալ կալանավայր», – ընդգծեց Մանվել Գրիգորյանի փաստաբանը:

Դեկտեմբերի 21-ին դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Մանվել Գրիգորյանը կալանավորված էր այս տարվա հունիսից։

Գլխավոր դատախազությունն ազատ արձակումից մեկ օր անց հայտարարեց, որ բողոքարկելու է վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը: