Search
Close this search box.

Արշակ Կարապետյանի նշանակումը ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդարանական Արշակ Կարապետյանի մասին նախկինում իր արած դիտարկումներին, թե ինքը տարօրինակ է համարել, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը աշխատում է որպես ռազմական կցորդ:

«Եթե տեսանյութն ամբողջությամբ եք նայել, ես տարօրինակ չեմ համարել դա, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե չի՞ տեսնում հակասություն նախկինում Կարապետյանի մասին իր արած հայտարարությունների և նրա ներկայիս նշանակման հետ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հարցին երեկ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարը, և իրեն բավարարել է Փաշինյանի պատասխանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ Արշակ Կարապետյանին ինքն է նշանակել և համոզված է, որ նա իր պարտականությունները կկատարի:

«Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկը պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին», հայտարարել էր Փաշինյանը։