Search
Close this search box.

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

Այս պահին ուղղորդված քվեարկության, ընտրակաշառքի բաժանման, կուտակումների և այլ ընտրախախտումների մասին ի՞նչ տվյալներ կան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական շտաբերում: Tert.am-ը զրուցել է որոշ քաղաքական ուժերի նախընտրական շտաբների անդամների հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբից Շաքե Իսայանը, մասնավորապես, ասաց. «Մեր դիտորդները Նոր Նորքի 2/4 ընտրատեղամասում արձանագրել են, որ ՔՊ հանձնաժողովի անդամի կողմից, որն «Իմ քայլը» դաշինքի անդամ է, քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» համար, ապա ԲՀԿ-ի հանդեպ բարձրաձայն հակաքարոզչություն է իրականացրել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ նրա՝ ՔՊ-ական ակտիվիստներից մեկն էլ՝ Արթուր Մուրադյանը, սոցիալական ցանցերում տեղադրել է իր քվեարկած քվեաթերթիկի լուսանկարը, ինչն ընտրական օրենսդրության վերջին փոփոխություններով քրեորեն պատժելի արարք է:

Սակայն, ակտիվիստը, ըստ Շաքե Իսայանի, քիչ առաջ քվեաթերթիկի լուսանկարը հեռացրել է: «Ծառուկյան» դաշինքի շտաբի անդամը նաև նշեց, որ այսօր իրենց են մոտեցել բազում տարեցներ և դժգոհել, որ նախորդ ընտրություններում իրենց տեղամասերը բնակության վայրից 100 մետր շառավղով էին, այս անգամ ստիպված են եղել մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ընտրատեղամասեր գնալ՝ քվեարկելու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտնեց, որ որոշ ահազանգեր ունեցել են, սակայն ինֆորմացիան ուսումնասիրման և մշակման փուլում է:

«Ժառանգություն» կուսակցությունից նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց. «Այս պահին ոչինչ ես չունեմ»:

Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնել էր, որ ընտրակաշառքի մասին տեղեկատվություն են ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել են իրավապահներին:

ՀՅԴ-ից Ազատուհի Սիմոնյանը հայտնեց, որ այս պահին շատ լուրջ ահազանգեր չունեն, բայց նկատել են, որ որոշ երիտասարդներ ընտրական տեղամաս են մտնում «դուխով» գլխարկներով, ինչը իրենք դիտում են որպես քարոզչության տարր: