Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները, Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել է նա։

«Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի դիտարկմամբ` իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Քաղաքականություն վերադառնալով` Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։

«Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի բացառում, այլև ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։

«Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ անուններ հնչեցնել և այդ կուսակցությունների անունից որևէ բան ասել։