Search
Close this search box.

Կա՛նգ առ, ժամանա՛կ. Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյան

Կա՛նգ առ, ժամանա՛կ, ընդամենը մի ակնթարթ, որ կիսվեմ հետդ։ 55 տարիս անցավ արագ լի վերելքներով ու վայրէջքներով։ Անցավ դժվար ու 23 տարի է ինչ անազատության մեջ եմ։ Հիմա ուզում եմ, որ արագ թռչեն վայրկյաներն ու րոպեները, որ ակնթարթներն ինձ տանեն դեպի ազատ կյանք, որ ազատության մեջ վայելեմ կյանքիս մնացած տարիները: Տա՛ր ինձ ազատության ճամփեքով, որպեազի տեսնեմ իրականության դեմքը, որպեսզի վայելեմ կյանքի հրաշքները քո։ Չեմ կարող, ցավոք, ես քեզ կանգնեցնել, ասենք՝ չեմ էլ ուզում անցյալը հիշել, միշտ ենթական լինել։ Չեմ կարողանա քեզնից առաջ ընկնել ու իմ գրիչով ապագան սպիտակ թղթին պատկերացնել։ Ուզում եմ կարճել անազատությունս, ուզում եմ բացել ապագայի իմ ճանապարհը։ Մի՛ կարծիր, թե ես անելիք չունեմ։ Թե որոշել ես ինձանից ձանձրանալ, իմացի՛ր, որ ես դեռ անելիք ունեմ։ Չկարծես, թե դու վերքերս բուժել ես. սպիները մնում եւ հիշեցնում են մեղավորիս մեղքը։ Մի բան կա, որը ինձ համոզել ես հենց դու. իմ դժվար կյանքի ուսուցիչն ես դու, ու քո վայրկյաններ տևած խրատ-դասերը սերունդներիս հաստատ փոխանցելու եմ ես։ Ժամանա՛կ, թանկ ես ու անգին, ժամանակ չունես ինձնով զբաղվելու։ Իմացի՛ր՝ երբեք չեմ հանձնվելու ու քեզ հետ եմ միշտ հաստատ քայլելու։ Ուրեմն թռիր, ժամանա՛կ, անցի՛ր արագ, մի՛ անտեսիր ինձ քո ճանապարհին ու ինձ տար փշալարերից անդին։ Տար դեպի իրական կյանք, որ հասցնեմ թոռներիս պատմել հոգուս սպիների մասին, որ հասցնեմ քո խրատ-խորհուրդները զավակներիս։ Ծննդյանս օրն արի ուխտ կապենք. բացում ես ազատությանս դռներն ու շաղկապում ես կյանքս քո հետ։ Հետո չզարմանաս՝ ազատության մեջ պահանջելու եմ քեզնից կանգ առնել, դանդաղ սլաքներդ շարժել, որ վայելեմ այդքան կարոտած բաղձալի ազատությունը։

Ստեփան Գրիգորյան