Search
Close this search box.

Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի. Զոյա Թադեւոսյան

Սիրելի հայրենակիցներ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ:

Հավատացնում եմ, ես փորձում էի ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս: Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը: Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են:

Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս: Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում… Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ: Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առավել: Ափսոսում և ցավ եմ ապրում կատարվածի համար:

ՀՀ քաղաքացի՝ Զոյա Թադևոսյան