Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի եւ կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի. օգնում են նախկին իշխանության ներկայացուցիչներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ, ընդհանրապես, կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գալստյանը նախարարից խնդրել է իրեն տալ արտահաստիքային խորհրդականի պաշտոն, սակայն մերժում է ստացել: Միեւնույն ժամանակ արդեն Մնացականյանը նրան առաջարկել է համագործակցել հետագայում, սակայն ոչ պաշտոնի գնով: Եվ կարելի է ենթադրել, որ Գալստյանը շատ ծանր է տարել` որոշելով վրեժ լուծել ՀՀ նոր իշխանություններից, իսկական արշավ սկսելով կառավարության դեմ: Իսկ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցն էլ դարձել է ամենալավ առիթը նման քայլի գնալու համար:

Նրան այս հարցում օգնում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն կեղծ տեղեկատվություն մատուցելու եւ սոցիալական ցանցերում արշավ կազմակերպելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Գալստյանից. «Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն դրանցից ոչ մեկի ժամանակ պաշտոնների հարց չի քննարկվել, եւ միակ մարդը, ով ինձ պաշտոն է առաջարկել, եղել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մշտական խորհրդականի պաշտոն: Սակայն ես չեմ ընդունել առաջարկը»»: