Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքը կրելու հետ ու կյանքին վտանգ սպառնացող. Փաստաբան

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարան:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Մկրտչյանը հայտնելով, որ բողոքը կներկայացնի Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, իսկ մյուս պաշտպանները՝ կմիանան:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին, ապա պաշտպանի գնահատմամբ՝ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ, կալանքը կրել անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ և կյանքի վտանգ սպառնացող, «նա քիմիոթերապիա է ստանում և բուժման նպատակով արտերկիր պետք է մեկներ, սակայն առկա իրավիճակից ելնելով տոմսերը վերադարձվել է»:

Հարցին, թե ՔԿՀ-ում Գրիգորյանը գտնվում է բժիշկների հսկողությա՞ն ներքո՝ պաշտպանն ասաց, այդ առումով խնդիր չի առաջացել այս պահին, սակայն քիմոթերապիա չի կարող ստանալ ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ. ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Քննությամբ պարզվել է, որ Մանվել Գրիգորյանն իրեն վստահված վերոհիշյալ գույքը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է: Նշված գույքը պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում և որդուն` Արա Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Մանվել Գրիգորյանն այն տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, մասնավորապես հափշտակված սննդամթերքը օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար:

Մանվել Գրիգորյանին պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող շինություններում 16.06.2018թ.ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Երևան քաղաքի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրի աշխատակիցների կողմից հավաքած գումարներով գնված և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին ուղարկելու նպատակով, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարիքները հոգալու նպատակով ԵԿՄ նախագահին վստահված 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածոներ, ինչպես նաև՝ 33 տարա ձեթ, 69 փաթեթ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ զուգարանի թուղթ, զինվորական 12 պայուսակներով բժշկական պարագաներ ու դեղորայք և 3 արկղ ներքնաշորեր:

Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության գրասենյակում 16.06.2018թ.-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 27 հատ զինվորական կիսաթև վերնաշապիկ, 19 հատ զինվորական գուլպա, 5 հատ զինվորական ձեռնոց, 19 տուփ ածելի, 4 զույգ զինվորական կոշիկ, 215 արկղ՝ «Մսի պահածո, զինվորի համար և վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոներ, 74 արկղ «Կիլկի» գրառմամբ պահածոներ, 8 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ, 3 պարկ լոբի, 2 պարկ ոսպ, 10 արկղ ձեթ, 15 արկղ մակարոն, 8 արկղ և 23 հատ խտացրած կաթ, արկղերի վրա՝ «Զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառմամբ, 6 արկղ և 2 տոպրակ հակագազ և մեկ զրահաբաճկոն: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված գույքից միայն «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոյի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմել է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ: