Search
Close this search box.

«Տարոն Մարգարյանին տեղը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկն է». «Երկիր Ծիրանի» կուսակցության ու Զ. Փոստանջյանի հայտարարությունները

«Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

Այսօր, հունիսի  25-ին, Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ երևանցիներ, ովքեր պահանջում են  Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցրած Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որևէ մեկը մուտք գործի և սպասում են իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք Տարոն Մարգարյանին ձերբակալեն:

Հավաքի մասնակիցները Տարոն Մարգարյանին անվանում են հանցագործ, իսկ քաղաքապետարանը՝ հանցագործության վայր, որտեղ մուտքը և ելքը խստիվ արգելվում է:

«Երևանը շենացնելու, կանաչապատելու, թամանյանական դիմագիծը պահպանելուն զուգահեռ` ժամանակին համահունչ կառուցապատելու փոխարեն Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման տարիներին թալանել, կեղեքել ու հարստահարել է Երևանը: Ուստի՝ նա այլևս չի կարող շարունակել իր ապօրինությունները, պետության  ու  քաղաքացիների  հարստահարումը, չի կարող Երևան համայնքի բյուջեի հաշվին կուտակել ավար` անունը դնելով հարստություն: Եթե Հայաստատնի Հանրապետության ոստիկանությունը չարձագանքի, օրենքի տառին համապատասխան` մենք  Տարոն Մարգարյանին ուղեկցելու ենք դեպի ոստիկանություն, այնուհետև՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Հանցագործի տեղը ուղղիչ աշխատանքային գաղութն է, նա իրավունք չունի այլևս մուտք գործելու երևանցիների հարկերով, արդար  վաստակովկառուցված շինություն` շարունակելու թալանը» – պնդում են բողոքող երևանցիները:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

 Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Վաղը, 2018 թվականի հունիսի 26-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց, որոնցից և ոչ մեկը, ըստ էության, քաղաքացիների խնդիրների հետ առնչություն չունեն:

Սույն ավագանու ձևավորման իսկ օրվանից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական կարգով վիճարկել և շարունակում է վիճարկել Տարոն Մարգարյանի կողմից կատարված ապօրինությունները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին, որպեսզի գան և մասնակցեն նիստին՝ պահանջելով Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երևան քաղաքի ավագանու լուծարում»: