Search
Close this search box.

«Որոշ փաստեր արդեն կան». Արայիկ Հարությունյանը կոռուպցիայի հարցով կհանդիպի Արմեն Աշոտյանի ու Լեւոն Մկրտչյանի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստերի վերաբերյալ նամակներ է ստացել, որոնք ուղարկել է իրավապահ մարմիններին: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ընթացիկ աշխատանքներ են իրականացվում, տարբեր տեղերում մասնագետները աուդիտ են իրականացնում:  Աուդիտ իրականացնող մեր մասնագետներն արդեն ասել են, որ որոշ տեղերում կան լուրջ խնդիրներ: Երբ դրանք վերջնական լինեն, կուսումնասիրենք և նույնպես իրավապահ մարմիններին կհանձնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Այնուամենայնիվ, նախարարն ընդգծեց, որ ինքը չի ցանկանում, որ իրավապահ մարմինները հենց սկզբից մեծ մուտք ունենան կրթական համակարգ: «Մենք չենք ուզում ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածել դպրոցներում և բուհերում, բայց արդեն բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է, և խախտումների դեպքում համապատասխան գնահատական է լինելու»,- նշեց Հարությունյանը:

Հարցին՝ նախորդ նախարարի հետ զրուցե՞լ է, հարցրե՞լ է, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած կառույցում կոռուպցիա եղել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա ուսումնասիրությունները շարունակվում են, որոշ փաստեր արդեն կան: Երբ փաթեթ կլինի, անպայման կհանդիպենք ոչ միայն պարոն Մկրտչյանի, այլ նաև պարոն Աշոտյանի հետ»: