Search
Close this search box.

Արդեն վաղուց լրացել են և՛ 15 , և՛ 20, և՛ ավելի տարիները. Ցմահ դատապարտյալների նամակը՝ Արտակ Զեյնալյանին

Հարգարժան պարոն Արտակ Զեյնալյան.

Դուք, այն հասարակական-քաղաքական եզակի արդարամիտ գործիչներից էիք ով ամեն պատեհ պահին համաժողովներում, այցերի ժամանակ բարձրաձայնում էիք այն խնդիրը, որ 2003թ․ օգոստոսի 1-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանը, թույլ տալով օրենքի կոպիտ խախտում, 42 մահապատժի դատապարտյալներին շնորհեց «ներում»՝ մահապատիժը փոխարինելով ցմահ դատապարտման՝ օրենքով նախատեսված 15-20 տարվա փոխարեն։

Ուզում ենք ներկայացնել, որ այդ չարաբաստիկ «ներման» հրապարակումից հետո 42 մահապատժի դատապարտյալները հայտարարեցին հացադուլ, որից հետո եկան մի շարք գործիչներ, որոնք բոլորն էլ փաստում էին այդ սխալը, խոստանում բարձրաձայնել, լուծում գտնել ու հետամուտ լինել այդ սխալի շտկմանը։

ՔԿՀ է այցելել մարդու իրավունքների առաջին պաշտպան Լ․Ալավերդյանը։ Նա, տեղեկանալով խնդրին, արձանագրեց օրենքի կոպիտ խախտում։ Այնուհետև, եկավ 5 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռ․Պետրոսյանի գլխավորությամբ ով խնդրին ծանոթանալուն պես, հայտարարեց, որ Ռ․Քոչարյանի կողմից թույլ է տրվել կոպիտ խախտում և խոստացան պարզել։

Այնժամյա ԱԺ նախագահ Տ․Թորոսյանը ևս ապշեց. ասելով, որ անպայման պարզելու է, թե ով է կազմել ու հրամցրել Ռ․Քոչարյանին նման անմտություն։ Այնուհետև, եկավ Աղվան Հովսեփյանը` վսրչության պետի հետ։ Նրանք, զրույցի ընթացքում քննարկեցին խնդիրը ԵԴ ուղարկելու հարցը, որն իբրև կլուծեր հարցը՝ փոխելով 15-20 տարվա ազատազրկմամբ։

ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ն․Վուտովան, նույնպես այցի ժամանակ արձանագրեց օրենքի խախտումը և ԵԽ-ում իր տարեկան զեկույցում կոչ արեց ՀՀ կառավարությանը անհատական մոտեցում ցույց տալ 42 մահապատժի ենթարկված դատապարտյալներին՝ վերանայելով յուրաքանչյուրի գործը։ Սակայն, ՀՀ իշխանությունը թքած ունեցավ նրանց հորդորի վրա։ 3 տարի անց միայն Ռ․Քոչարյանը դիմեց Ա․Հովսեփյանին հարցի իբր կարգավորման գործով, որն էլ իր հերթին հանձնարարեց Գ․Ջահանգիրյանին «վերանայել» գործերը։

Վերջինս 2 օրում «վերանայեց» 42 հոգու գործ՝ հոդվածները համապատասխանաբար փոխելով նոր օրենսգրքի հոդվածներով։ Տասնյակ անգամներ հացադուլի, բողոքների, անհամար դիմումների միջոցով փորձել ենք ուշադրություն սևեռել մեզ վրա, բայց իշխանությունները որդեգրել էին չլսել-չտեսնելու քաղաքականությունը։ Արդեն վաղուց լրացել են և՛ 15 , և՛ 20, և՛ ավելի տարիները։ Վաղուց ժամանակն է, որ մեզ էլ լսեն, մեզ էլ մարդ համարեն ու նվիրեն բաղձալի ազատություն։ Մեծ հույսով ու խորին հավատով ենք լցված Ձեր հանդեպ, պարոն Ա․Զեյնալյան։ Մեր Նոր Հայաստանում պետք է տիրի օրենքն ու մարդասիրությունը՝ Ձեր անմիջական մասնակցությամբ։

Խորին հարգանքներով՝ մի խումբ ցմահ դատապարտյալներ