Search
Close this search box.

Սփյուռքի նախարարի աշխատանքային չորրորդ օրը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփում է իր աշխատանքային հերթական օրը.
«Առավոտը սկսեցինք ավանդական դարձած կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:

Ժամը 11:00-13:00 մասնակցեցի կառավարության նիստին, որտեղ կառավարությանը ներկայացրի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն ազատելու մասին որոշումը: Կառավարությունը հաստատեց:

Ընդունեցի Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանին: Քննարկեցինք ինչպես մեր լրագրողների առաջիկա համաժողովի հետ կապված հարցեր, այնպես էլ, առհասարակ, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները:

Ընդունեցի Մոնակոյից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից ժամանած գործարարներին: Օրակարգի հիմնական հարցը ներդրումներն էին:

Հանդիպեցի լեգենդար ռոք-խումբ «Ոստան Հայոցի» վոկալիստ Հովհաննես Կուրղինյանին: Վերջինս Սփյուռքի նախարարության հետ համատեղ մի շատ հետաքրքիր նախագիծ իրականացնելու առաջարկով հանդես եկավ:

Հանդիպեցի Deem Communications ընկերության հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանի հետ: Կրկին խոսեցինք լրագրողների համաժողովին առնչվող թեմաների շուրջ:

Ավանդույթի համաձայն` հանդիպեցի մոնիթորինգի խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:

Օրվա վերջում կարճ հեռախոսազրույց ունեցա իմ լավ բարեկամ, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի հետ: Պայմանավորվեցինք վաղն ավելի մանրամասն զրույց ունենալ»,- եզրափակում է նախարարը: