Search
Close this search box.

«ԸՕ փոփոխությունը քաղաքական համաձայնությունների խնդիր է». Փաշինյանն՝ արտահերթ ընտրության ժամկետների մասին

Այսօր ՀՀԿ-ի խմբակցության հետ հանդիպում կունենանք և պարզ կլինի, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:

«Այդ հարցը ոչ որոշված է, ոչ էլ պետք է համոզեմ ՀՀԿ-ականներին: Կա քաղաքական իրավիճակ, և խնդիրն այն մասին չէ, որ որևէ մեկին ընտրել վարչապետ, թե ոչ: Խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելու մասին է: Այդ հարցի պատասխանը կտան ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Իրենք արձանագրել են, որ եթե մյուս խմբակցությունները պաշտպանում են իմ թեկնածությունը, իրենք չեն խոչընդոտի»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, չի՞ տապալի ընտրական օրենգրքի փոփոխությունները, մասնավորապես «ռեյտինգային» կոչվող ընտրակարգը հանելու տեսանկյունից, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Դա ևս քաղաքական իրավիճակի և համաձայնությունների խնդիր է: Մենք իհարկե, փորձելու ենք աշխատանքային մթնոլորտ ձևավորել, որ կարողանանք բոլոր հարցերը հանդարտ քննարկել: Հարցերը պետք է հերթով քննարկենք: Վարչապետի ընտրության հարցը քննարկելուց հետո կքննարկենք նաև մյուս բոլոր հարցերը: Ընդհանուր սկզբունքն այն է, որ պետք է փորձենք շատ տեսակետներ հաշվի առնելով, բոլոր հարցերը, այդ թվում արտահերթ ընտրությունների հարցը լուծենք»:

Փաշինյանը հստակ չնշեց, թե ի՞նչ հիմքով է են տեղի ունենալու ԱԺ արտահերթ ընտրությունները և ինչ ժամկետներում. «Հնարավորինս կարճ, բայց տրամաբանական ժամկետներում կլինեն: Ես չեմ կարող ժամկետներ նշել, որովհետև դեռ քննարկումներ պետք է ունենանք այլ ուժերի հետ, նրանց պատկերացումները նայենք, որպեսզի իրապես մաքսիմալ հավասար հնարավորություններ ստեղծենք»: