Search
Close this search box.

Գիշերը Մաշտոց-Թումանյան տարածքում անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները:

Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում  գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և ճանապարհային նշանները: Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին` պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին:


Քննչական բաժնում վարույթ է ընդունվել Մաշտոց- Թումանյան  փողոցների խաչմերուկում տեղի  ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։

2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ  Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կոտրված ցուցանակներ, ճանապարհային նշաններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվում դեպքի վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեսանյութերը։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ։

 ՀՀ քննչական կոմիտե