Search
Close this search box.

Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին

Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է տեսանելի ապագայում տեղ գտնել ԵՄ համայքնում, իրեն ԵՄ անդամ համարել:

«Թե ինչպես կզարգանան այս հարաբերությունները, դեռ պետք է տեսնենք: Կրկին, կարծում եմ, որ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Բայց թե որտեղ կհայտնվենք մեր հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել: Դա կախված է Երևանում կայացվող քաղաքական որոշումներից։ Դա կախված է Բրյուսելում, անդամ երկրներում ընդունվող քաղաքական որոշումներից։

Այս ամենը մի գործընթաց է, որում Հայաստանը նոր-նոր է սկսել հասնել որոշ տարրերի, որտեղ մենք կարող էինք մի փոքր ավելի հեռու լինել դեռ 10 տարի առաջ, բայց այդ ժամանակ, իհարկե, Հայաստանն այլ կերպ որոշեց: Եվ այսպես, մենք թերևս հետ ենք շահում մեր հարաբերություններում կորցրած ժամանակը», — ասաց ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Հարցին, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է դրան, Կլաարն ուղիղ չպատասխանեց․ «Կարծում եմ՝ հենց հիմա մենք պետք է նայենք, թե ինչ է ուզում անել Հայաստանի իշխանությունը և հայ ժողովուրդը, ուր են ուզում գնալ և ինչպես են լավագույնս տեսնում մեր հարաբերությունների զարգացումը։ Եվ կրկին, կարծում եմ, լավն այն է, որ մենք տեսնում ենք նաև անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրական ամրապնդում, և Միացյալ Նահանգներն այնտեղ է, որպեսզի օգնի աջակցելու Հայաստանի դիմացկունությանը։ Դա շատ կարևոր ուղերձ էր, որը, իմ կարծիքով, նախագահ ֆոն դեր Լայենը փոխանցեց վարչապետ Փաշինյանին»։

Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ Բրյուսելը հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին հաջորդող չորս տարիների ընթացքում՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս հայտարարեց հավելյալ օգնության մասին, այս դեպքում աջակցությունը եվրոպականից մի քանի անգամ ավելի քիչ է՝ 65 միլիոն դոլար։ Հայաստանի վարչապետը երախտագիտություն հայտնեց շարունակական այս հանձնառության համար, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները։