Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են

«Քաղաքացիական պայմանագիր» վարչության՝ մարտի 26-ի նիստն անձամբ վարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ժամանակ որոշում է կայացվել կուսակցության շարքերից հեռացնել ՔՊ անդամ Սևակ Տիգրանյանին՝ Կոտայքի մարզպետի խորհրդականին։

«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, Տիգրանյանի հեռացման հիմքում ՔՊ-ում ստեղծված երկու հակադիր բևեռների՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի թևերի բախումն է, որը տարածվել է՝ հասել ստորին մակարդակներին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ՔՊ պատասխանատուն դառնա Սևակ Տիգրանյանը, իսկ Ռոմանոս Պետրոսյանն առաջ է քաշել իր թեկնածուին։ «Այս տարաձայնությունը երկու կողմերի միջև մեկ տարի կլինի՝ ձգվում է։ Ռոմանոսին հաջողվեց հեռացնել Սասունի թեկնածուին»,- «Հրապարակ»-ին ասել է նրա աղբյուրը։

Լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել Սևակ Տիգրանյանի հետ, սակայն նա չի պատասխանել զանգերին։

ՔՊ-ից հեռացման համար բավականին լուրջ պատճառ է անհրաժեշտ ու այդ որոշումը կայացվում է միայն Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, և այս տարիներին շատ քիչ մարդ է հեռացվել իշխող կուսակցությունից, ինչպես և ընդունվել:

«Հրապարակ»-ին ասել են, որ Տիգրանյանը նախկինում հնազանդ ՔՊ-ական է եղել, իսկ վերջերս սկսել է իր անհամաձայնությունը հայտնել «հանձնենք, որ պատերազմ չլինի» քաղաքականությանը, գուցե դա է դեր խաղացել։