Search
Close this search box.

Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն, թե դրանք Տավուշի գյուղեր են. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասել է նա՝ անդրադառնալով հայկական վերահսկողության ներքո գտնվող՝ Տավուշին սահմանակից տարածքների վերադարձի թեմային։

«ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ»,- ասել է նա։ Սիմոնյանը վերահաստատել է՝ «ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում»։

Խոսելով պատերազմի հավանականության մասին՝ Սիմոնյանն ասել է. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն։ Իսկ ինչո՞ւ չհարձակվեն։ Իրենք դա բաց ասել են»։

Սիմոնյանը նաև հիշեցրել է՝ երկու տարի է՝ միջանցքի մասին էր խոսվում․ «Ինչու՞ դրա հետ կապված զիջման չգնացինք, որևէ քայլ չարեցինք, որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է»։

Նա նաև նշել է, որ հայկական կողմի համար էլ է ընդունելի, որ սահմանագծումն ու սահմանազատումը սկսվի Տավուշից։

«Մեր ուզածը սահման ստանալն է․ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով ետ քաշվեն, և դա պետք է տեղի ունենա ողջ սահմանի երկայնքով։ Որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է ետ քաշվի»։

Հարցին՝ դա միաժամանակյա՞ գործընթաց կլինի, Սիմոնյանն ասել է, թե մանրամասների չի տիրապետում. «Նույն գործընթացի շրջանակներում պետք է լինի»։