Search
Close this search box.

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հшշվեհшրդшր տեսնել հայ գերիների հետ

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակական ու անօրինական ազատազրկումը և մտահոգություն հայտնում այնտեղ պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։

Ինստիտուտը նշում է, որ հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լուրջ ոտնահարման բարձր ռիսկը, ներառյալ՝ նրանց կյանքին սպառնացող վտանգը, միջազգային ուժեղ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել: Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանում պատանդ պահվող բոլոր հայ ռազմագերիների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց արագ ու անվտանգ հայրենադարձությունը։

Ինստիտուտը հիշեցնում է 2023 թվականի հոկտեմբերի 27-ի իր «Հայտարարությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների շարունակական բանտարկության մասին»՝ մանրամասնելով ութ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումն ու հետապնդումը, մասնավորապես՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Այս ձերբակալությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ։

Այս պաշտոնյաներից շատերը ձերբակալվել են 2023 թվականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կառուցված Հաքարիի կամրջի անցակետում։ Ինստիտուտը հիշեցնում է, որ այս անցակետի ստեղծումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից նույն միջանցքի ապօրինի շրջափակումից չորս ամիս անց։ Այս իրավիճակը հանգեցրեց այն ժամանակվա 120,000 Արցախի բնակիչների համար առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկվելուն, ինչը հանդիսանում է հյուծման միջոցով ցեղասպանության ակնհայտ դեպք, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից կալանքի տակ պահվող բոլոր հայերի տառապանքը խորապես մտահոգիչ է, այնուամենայնիվ, նրանց հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։

«Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի չորս ամսվա «կանխարգելիչ կալանավորմանը» հետևելու են մի շարք շինծու մեղադրանքներ: Այս համատեքստում Լեմկինի ինստիտուտն անդրադառնում է 2024 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին հակառակորդներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի մահվանը:

Նավալնին բանտարկված էր 2021 թվականի հունվարից՝ Ռուսաստան վերադառնալուց հետո։ Լեմկինի ինստիտուտն իր մտահոգությունն է հայտնում, որ նախագահ Ալիևի վարչակարգը համանման գործողություններ կարող է ձեռնարկել Վարդանյանի կամ Արցախի նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ՝ հաշվի առնելով նրանց խորհրդանշական և պատմական նշանակությունը Արցախի անկախության գործում։ Ինստիտուտը կրկին կոչ է արել միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչախմբին՝ անհապաղ կերպով ազատ արձակելու բոլոր հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին։