Search
Close this search box.

«Հուսով եմ` կհասնենք նոր հորիզոնների». Փաշինյանն ուղերձներ է հղել Իրանի առաջնորդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ–իրանական հարաբերություններին։ Նա Նովրուզի առթիվ շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին և այդ մասին գրել իր ուղերձներում:

«Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր»,–նշված է ուղերձում։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ լիարժեքորեն օգտագործելով երկկողմ հարաբերություններում առկա ներուժը` ընթացիկ տարում հնարավոր կլինի հասնել փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության:
Փաշինյանը Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին քաջառողջություն է մաղթել, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն։