Search
Close this search box.

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հաշմանդամություն ունեցող մարզիկին

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հաշմանդամություն ունեցող մարզիկին` մասնակցելու Չեխիայում կայանալիք Պարալիմպիկ խաղերի վարկանիշային մրցաշարին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Մարտի 9-18-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կկայանա 12-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերը: Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ` Ստասիկ Նազարյանը, որը հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:

«Այս պահին հաստատված է մեկ մարզիկի մասնակցությունը դահուկային սպորտում: Հնարավոր է՝ եւս մեկ մասնակից ունենանք լեռնադահուկային սպորտում, բայց նրա մասնակցությունը դեռ հաստատված չէ: Լեռնադահուկային սպորտում կմասնակցի Սասուն Հակոբյանը, եթե Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ընդառաջի եւ Փհենչհանում հաստատի նաեւ նրա մասնակցությունը: Սասուն Հակոբյանը ձեռք կբերեր Պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք, եթե Հայաստանում Չեխիայի դեսպանատունը չխոչընդոտեր մարզիկի վիզա ստանալուն: Չեխիայում կար միջազգային մրցաշար, որտեղ լավ արդյունքներ գրանցելու դեպքում մեր մարզիկը հնարավորություն կստանար մասնակցել Փհենչհան-2018-ին: Դժբախտաբար, չեխական դեսպանատունը մեզ վիզա չտվեց այն ժամանակ, երբ մեզ հարկավոր էր, այլ դրա փոխարեն առաջարկում էին մեզ վիզա տրամադրել ավելի ուշ, երբ մեզ արդեն պետք չէր: Չնայած արդեն հայթայթել ենք ճանապարհածախսը, բայց, փաստորեն, Չեխիայի դեսպանատունը մեզ ընդառաջ չգնաց:

Այս պահին փաստացի ունենք մեկ մարզիկ դահուկավազքից: Փհենչհան կմեկնենք մարտի 5-ին` 5 հոգանոց պատվիրակությամբ: