Search
Close this search box.

ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը պահանջեցին վերահաշվարկ

ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության արդյունքները։

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցել է 98 պատգամավոր եւ ըստ այդմ` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգտին գրանցվել է կողմ 96, դեմ 2 քվեաթերթիկ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի օգտին` 1 անվավեր, կողմ 90, 7 դեմ, Լիպարիտ Մելիքջանյանի օգտին` 1 անվավեր, կողմ 82, 15 դեմ, Հայկ Հովհաննիսյանի օգտին` 1 անվավեր, 86 կողմ 11 դեմ, Սերգեյ Մեղրյանի օգտին` 1 անվավեր, 87 կողմ 10 դեմ քվեաթերթիկներ։

Բոլոր անդամները ընտրվել են հինգ տարի ժամկետով։ Նրանք առանձին-առանձին մոտեցան ԱԺ ամբիոնին, հանդիսավորությամբ երդվեցին, ապա` ստորագրեցին երդման տեքստը։

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով նշեց, որ լիազորված է հայտարարելու, որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին ու Գեւորգ Դանիելյանին:

Գագիկ Մելիքյանը ի պատասխան ասաց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են ընտրության հենց սկզբից, ինչպես նաև` հաշվառման գործընթացին. «Բոլորը միաձայն ստորագրել ու հաշվել են քվեաթերթիկները։ Անհիմն հայտարարությունների կարիքը չենք տեսնում»:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն` ասոկքվ. «Մենք եւս հանձնաժողովում ունենք ներկայացուցիչներ։ Մենք անվերապահորեն վստահում ենք նրանց ու նրանց ներկայությամբ մանիպուլյացիա չէր կարող լինել։ Դրա համար մենք եւս առաջարկում ենք վերահաշվարկ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հայտարարեց. «Էական չէ, թե քանի ձայն կլինի ու խնդրում եմ ավելորդ արտահայտություններով խլրտումներ չանեք։ Եթե ուզում եք, կարող եք վերահաշվարկ անել»:

Բացի այս, Խխրհրդարանը միաձայն` 72 ձայներով ընդունեց Սումգայիթի ոճրագործության մասին ԱԺ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը։ Դահլիճում հնչեցին ծափեր։