Search
Close this search box.

81 տարեկան հասակում մահացել է սիրված ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Երկարատև հիվանդությունից հետո, 81 տարեկան հասակում մահացել է անվանի կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը: Ի դեպ,  երեկ նրա ծննդյան օրն էր:

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Գյումրիում։ 1960 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ): 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։
Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր` «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս»,  «Խոշոր շահում, Կյանքի լավագույն կեսը» և այլն:

2000 թվականի նա պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2003-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:  «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր է: