Search
Close this search box.

Լապշինի վերնաշապիկի վրա պատկերված է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Բլոգերը այն հրապարակել է սոցցանցում՝ կոչ անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված. «Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:

Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Այնուհետև նրան հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, իսկ հետո Ադրբեջանի նախագահի հրամանով բլոգերին ներում շնորհվեց։