Search
Close this search box.

Ուկրաինայում տեղի ունեցողը ՌԴ-ի համար կյանքի ու մահվան հարց է, ճակատագիր է․ Պուտին

Ուկրաինայի ուղղությամբ տեղի ունեցողը Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար՝ միայն իրենց մարտավարական դիրքորոշման հարցը։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցից մի հատված լրագրողը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում։

«Կարծում եմ, որ մեզ համար, և առավել ևս արտերկրում գտնվող ունկնդիրների և հեռուստադիտողների համար, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ մեր մտքի ուղին, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր հարց է մեր երկրի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի ուղղությամբ: Նրանց համար սա իրենց մարտավարական դիրքի բարելավումն է, բայց մեզ համար ճակատագիր է, կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պուտինը։

Այս կերպ ՌԴ նախագահը պատասխանել է վերջերս Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում տեղ գտած պատմական հատվածի վերաբերյալ հարցին։

«Ես ուզում էի, որ մարդիկ, ովքեր կլսեն դա, հասկանան։ Հաջողվել է, թե ոչ` ես չեմ, որ պետք է դատեմ», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը։