Search
Close this search box.

Ադրբեջանը չի թաքցնում, որ կարող է անցնել սահմանը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում նորից հայ զինվոր է զոհվել: Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից:
Ըստ երեւույթին, Բաքուն ցուցադրաբար հայ զինվորների է սպանում, որ ցույց տա միջազգային ճնշման անարդյունավետությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Իրանն ու մի շարք այլ շահագրգիռ կողմեր Բաքվին զսպվածության ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից հրաժարվելու կոչ են անում: Ադրբեջանը, սակայն, իրեն ավելի սանձարձակ է պահում՝ չթաքցնելով, որ անհրաժեշտ պահին կարող է անցնել սահմանը:
Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ալիեւը լուրջ ներքին խնդիրների՞ է բախվում: Ինչպես նշում է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «եթե ալիեւյան իշխանությունում ամեն ինչ լավ է ու հանգիստ, ինչու է ընտրությունների օրը տեղափոխելու անհրաժեշտություն ծագել»:
Թե՞ խնդիրը տարածաշրջանային զարգացումներն են, որտեղ Ադրբեջանին դադարել են դիտարկել կոմունիկացիոն-տրանզիտային համատեքստում, ինչպես նախկինում էր: Ինչպե՞ս է համաշխարհային հանրությունն այժմ վերաբերվում Ադրբեջանին:
Ալիեւի դրությունը գնալով ավելի երերուն է դառնում: Չնայած «դարի նախագծերին»՝ Ադրբեջանն այդպես էլ տարածաշրջանային հանգույց չի դարձել, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին գրեթե չեն հիշում, իրանա-ռուսական երկաթուղին Բաքվով նույնպես հեռանկարային չի ընկալվում: TAP գազամուղը, որի համար Ադրբեջանը եվրոպական վարկ է ստացել, հարցականի տակ է, քանի որ Թուրքմենստանը չի կարող լցնել այն:
Տարածաշրջանային իրավիճակը եւս Ադրբեջանի օգտին չէ, եւ Ալիեւին հավանաբար թվացել է, որ այս իրավիճակում ամենից շահավետ դիրքն անհաշտության ու անհնազանդության ցուցադրումն է:
Սա ակտուալ է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ֆոնին: Ընդ որում, Ստեփանակերտը սկսել է ավելի համառ խոսել, որ կարող է տարածաշրջանում ինքնուրույն գործոն դառնալ:
«Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար», – ասել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
lagir.am