Search
Close this search box.

70-ամյա կենսաթոշակառու Խոսրով Հարությունյանի դեմ խաղ չկա

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը թերևս 2003 թվականից գլխավորում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, սակայն արդեն որերորդ անգամ ՀՀԿ ցուցակով հայտնվում է ԱԺ-ում, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում գլխավորում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը:

Եվ բնական է, որ Խոսրով Հարությունյանը պետք է հաճախ հայտնվի կենտրոնական ամբիոնի մոտ՝ հանդես գալով, որպես հիմնական զեկուզող, քանի որ տնտեսական բլոկի հարցերը նրա ուսերին են դրված:

«Ելք» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, Խոսրով Հարությունյանին բավականին շատ մտահոգիչ հարցեր են ուղղվում, բայց ինչպես ասում են՝ Խոսրով Հարությունյանը իր գործը լավ գիտի, իսկ այդ աշխատանքի էությունն այն է, որ ամենուր և ամեն քայլափոխի՝ արհեստավարժ, կետադրական նշաններով և հանգավորված արդարացնի, որ իշխանությունն ինչ անում է՝ ճիշտ է անում:

Հասարակությանը կարտոֆիլի հույսին թողնող Խոսրով Հարությունյանն ունի իր «ճիշտը», և իր ճիշտ ու թռիչքաձև ուղու համար նա պարտական է ՀՀԿ-ին: Իր «ճշտի» սահմաններում  նա կարողացավ ամբողջ գերդաստանին տեղափորել Արտաքին գործերի նախարարությունում:

Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար է:

Նրա փեսան՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը՝ ևս արտաքին գործերի փոխնախարար է։

Արտաքին գործերի նախարարությունում է աշխատում նաև Խոսրով Հարությունյանի աղջիկը:

Հարությունյանների գերդաստանը պատկառելի ունեցվածք ունի: Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովում, Խոսրով Հարությունյանը հայտարարագերլ է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ունի տուն Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում:

Ըստ հայտարարագրի՝ նրա դրամական միջոցը կազմել է 40 հազար դոլար, նա ունի 2 միլիոն դրամի բաժնետոմս, իսկ աշխատավարձի հետ միասին ստանում է նաև կենսաթոշակ:

Հարուստ է նաեւ նրա փոխնախարար որդին` Ռոբերտ Հարությունյանը: Նա հայտարարգրել է շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 եւ NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնեմաս: Իսկ դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ և 30 հազար դոլար:

Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ և մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հազար դրամի չափով շահաբաժինը:

Փոխնախարար փեսան՝ Արմեն Պապիկյանը, հայտարարագրել է 26 հազար եվրո և 162 մլն դրամ: Իսկ 2016 թ.-ին նա, 4 մլն դրամով, ձեռք է բերել SUBARU LEGACY-OUTBACK AWD 2.5 մակնիշի ավտոմեքենա:

Այսքանից հետո, Խոսրով Հարությունյանը ինչպես ասի, որ ՀՀԿ-ի ճիշտը՝ իր ճիշտը չէ: Իսկ այդ ճշտի սահմաններում նա, հակառակ տնտեսագետ պատգամավորների պնդումների, հայտարարում է, որ օրինակ՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չի կարող բերել գնաճ:

Ու եթե մի քիչ էլ կյանքի որակը վատանա՝ չզարմանաք, եթե մի օր էլ Խ. Հարությունյանը կանգն ու ասի՝ գնաճ ընդհանրապես չկա, իսկ եթե կարտոֆիլը թանկ է՝ գարի կերեք:

ArmLife.am