Search
Close this search box.

«ՀԺ». Դստեր հետ կամրջից նետված կինը ԱԻՆ-ի կրճատումների տակ է ընկել, աշխատանքը կորցրել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ այս փուլում ասելու ոչինչ չունեն: Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Գայանեն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր ծնողների հետ: Հարեւանները, որոնք անակնկալի էին եկել կատարվածից, նշում էին, որ շատ համեստ ու կարգին ընտանիք է, բայց ապրում են մեկուսացած՝ շենքի բնակիչների հետ գրեթե չշփվելով: Մայրն ու դուստրը վերջին երեք օրերին համարվել են անհետ կորած: Նրանց անհետանալու մասին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են հարազատները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը, որ կամրջից նետված կինն աշխատում էր այս գերատեսչությունում: Մանրամասնեցին, որ «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից էր, գործի էր ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Հարցին, թե արդյո՞ք նա չի խոսել որեւէ խնդիր ունենալու մասին կամ արդյոք որեւէ օգնություն-աջակցություն չի՞ խնդրել, նախարարության լրատվական ծառայությունից բացասական պատասխան տվեցին: Ասացին նաեւ, որ եռօրյա բացակայությունից առաջ Գայանե Հ.-ն աշխատավայրում ոչինչ չի ակնարկել, աշխատանքի չներկայանալու մտադրության մասին չի զգուշացրել:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Գայանե Հ.-ն, ինչպես նաեւ նրա մայրը, արտակարգ իրավիճակների նախարարությունում են աշխատել բավական վաղուց: Աշնանը երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքների, համարվել են կրճատման ենթակա: Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել: Նախարարն ընդառաջել է, եւ Գայանեին այլ աշխատանք առաջարկել, որտեղ էլ փաստորեն աշխատել է մինչեւ վերջին օրերը: Այս նոր աշխատանքի համար նա, սակայն շատ ավելի քիչ է վճարվել՝ չնչին աշխատավարձ:

Ինչ վերաբերում է երեխային, նրա դպրոցում նույնպես ցնցված են տեղի ունեցածից: Մեզ հաջողվեց պարզել, որ աղջնակի այս վերջին բացակայությունների մասին եւս այստեղ նախապես տեղեկացված չեն եղել ու այս ընթաքցում անհանգստացել են նրա համար: Ի դեպ, մոր հետ կամրջից նետված Անահիտը սովորում էր երեւանյան այն նույն դպրոցում, որտեղ աշխատող ուսուցիչներից մեկը օրեր առաջ ինքնասպանություն էր գործել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս Բաժնից