Search
Close this search box.

Ադրբեջանից գազ գնելը նշանակում է աջակցել ցեղասպանությանը․ ֆրանսիացի սենատոր

Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիայի նախագահը հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունմանը, որը թույլ կտա Լաչինի միջանցքն ապաշրջափակել և դնել միջազգային պաշտպանության ներքո։ Այս մասին օգոստոսի 30-ին առցանց ռեժիմով անցկացված, Արցախի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն։

«Մեր՝ Հայաստան այցելության առաջին պատճառն այն է, որ հիմա ողբերգություն է տեղի ունենում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Արցախը վերածում է բանտի և նույնիսկ բացօթյա համակենտրոնացման ճամբարի»,- ասաց նա։

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում այսօր, հանգեցնում է ցեղասպանության և էթնիկ զտումների։

«Ցեղասպանության և էթնիկ զտումների փորձն ուղղված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների դեմ։ Ստեղծված իրավիճակը հստակորեն համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածին՝ մարդկանց խմբի համար այնպիսի իրավիճակի ստեղծում, որը կարող է հանգեցնել դրա կործանմանը։ Իրավիճակը չափազանց պարզ է: Հիմա բողոքների ու հայտարարությունների ժամանակը չէ։

Մենք այստեղ ենք մեր հայ ընկերներին ասելու, որ ոչինչ չենք մոռացել։ Մեզ կապում են պատմական կապերն ու ընդհանուր արժեքները»,- հավելել է Բրունո Ռետայոն։

Նա նաև շեշտել է, որ Եվրոպան չպետք է գազ գնի Ադրբեջանից. դա նշանակում է աջակցել Արցախի բնակչությանը հալածողներին։

«Նախևառաջ լավ կլիներ, որ տիկին ֆոն դեր Լայենը (Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն – խմբ․) Ադրբեջանի հետ գազի համաձայնագիր չստորագրեր։ Դա նշանակում է ուղղակիորեն աջակցել այն երկրին, որն Արցախի բնակչության հալածողն է»,– ասել է Ռետայոն։

Նշենք, որ Ֆրանսիայի քաղաքներից ու շրջաններից՝ Փարիզ, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-Դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի, Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 մեքենա է ուղարկվել:

Այս Բաժնից