Search
Close this search box.

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Իհարկե, տրամաբանությունը քիչ հասկանալի է։ Այնպիսի զգացողություն է առաջանում, որ 2022-ը այս ուղղությամբ, Հայաստանի ղեկավարության տեսակետով, եղել է շատ հեշտ ու հանգիստ, այո՞։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում նվազել է, որովհետեւ ՌԴ-ն չի կարող իր ամբողջ էներգիան ուղղել այս ուղղությամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայում։

«Եկեք նայենք փաստերին. նման բոլոր խոսակցությունները, որ հատուկ ռազմական գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ, այս կամ այն, Մոսկվայի համար պակաս առաջնահերթ են դարձել, պարզապես որեւէ փաստային հիմք չունեն։ Հավանաբար, սա գնահատողական դատողություն է, անձնական կարծիք, գուցե՝ հույզեր։ Բայց արժե, այնուամենայնիվ, փաստերը լսել։ Մենք ամբողջովին եղել եւ մնում ենք  շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի առաջմղման հարցում։ Մենք ամեն բան անում ենք ամուր խաղաղության եւ համաձայնության հասնելու համար տարածաշրջանում, մենք լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում։ Ակտիվության ինչ նվազման, ինչպես դա մատուցվել է, մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մեկ-երկու ամսում տեղի են ունեցել մի ամբողջ շարք շփումներ ՌԴ մասնակցությամբ՝ բարձրագույն եւ բարձր մակարդակով»,- ասել է Զախարովան՝ թվարկելով մի քանի հանդիպում։

Զախարովայի կարծիքով՝ անհրաժեշտ է նայել ճշմարտության աչքերին. «Ինձ թվում է, պարզապես պետք է նայել ճշմարտության աչքերին, իսկ դա այն է, որ պետք է հետեւողականորեն իրականացնել Բաքվի եւ Երեւանի ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչին մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել, առաջնահերթությունն այն է, որ կողմերն իրականացնեն այն, ինչի մասին պայմանավորվել են»։