Search
Close this search box.

Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա. Ֆրանսիայի դեսպան

Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինյին։

Նա նշել է, որ այսօր Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը։
«Արգելափակումը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,–գրել է Դըկոտինյին։

Նշենք, որ այսօր, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Կոռնիձոր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Արդեն երկու օր է` Հայաստանից Արցախ գնացող 19 բեռնատար` մարդասիրական օգնությամբ, կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։