Search
Close this search box.

Լուծումներ ենք առաջարկում ՀՀ-ին և Ադրբեջանին․ ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման թեմայով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ առաջարկում, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կապ և երկխոսության հարթակ ապահովում», – հայտարարել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ Մոսկվան մշտապես կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Հանդիպումից հետո Օվերչուկն ասել էր, որ զգալի առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին երկխոսության հարցում։ 

ՀՀ կառավարությունն, իր հերթին, հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: