Search
Close this search box.

Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը հայտարարել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել

Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը հստակ ձեւակերպումներով, և առաջին անգամ, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաեւ Ղարաբաղը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, միանշանակ կերպով է ասում դա։ Լիովին միանշանակ էր այն, ինչ ինքն ասաց մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Ղարաբաղի առնչությամբ»,- ընդգծել է Բորելը։

Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։

«Սա համաձայնագրի մեսիջներից մեկն է, որը պետք է զուգահեռ ընթանա բանակցային գործընթացի այլ կետերի հետ»,- ասել է Բորելը։